16/09/2015 14:27
Այդ տարիներին տարեդարձիս մասին մտածելու ցանկություն անգամ չունեի, հիմա, փառք Աստծո, ամեն ինչ հրաշալի է. Անկա Սարիբեկյանը նշում է 26-ամյակը
Այսօր «Ռադիո ջան» ռադիոկայանի ամենանուրբ ու շքեղ ձայն ունեցող հաղորդավարուհիներից մեկը` Անկա Սարիբեկյանը, նշում է ծննդյան 26-ամյակը: Նրա անակնկալները սկսվել են դեռևս երեկոյից:
«Կեսգիշերից` ժամը 24:00-ից ընկերներս ու հարազատներս անակնկալներ են մատուցում: Մեկնարկը տվեց երգչուհի Արևիկ Գրիգորյանը, այնուհետև, իհարկե, անակնկալներ ստացա եղբորիցս: Ասեմ, որ ռադիոունկնդիրները ևս գեղեցիկ անակնկալ էին պատրաստել` ինձ ուղարկելով բազում ծաղիկներ ու փուչիկներ: Մինչև այս պահը շնորհավորանքների տեղատարափ է, ուղղակի ֆանտաստիկ մթնոլորտ է: Ուրախ եմ, որ իմ տոնը բոլորինն է: Սակայն ասեմ, որ այս տարի ինձ համար ամենամեծ անակնկալն այն է, որ ծննդյանս օրը եթերում եմ»-Aysor.am-ի հետ զրույցում նշեց հոբելյարը:
Հաղորդավարուհին առանձնակի ուշադրություն չի դարձնում նվերներին`կարևորելով մոտեցումը. «Նվերներին նախընտրություն չեմ տալիս, այն, ինչ ինձ հարկավոր է, արդեն իսկ ունեմ: Ինձ ուղղակի անակնկալների տարափն է գլխապտույտի ենթարկել: Այսպիսի ժամանակ ես հասկանում, թե որքան անկեղծ են քեզ շրջապատող մարդիկ»:
Անկա Սարիբեկյանը ծննդյան օրերին չի սիրում հրավերներ անել, նախընտրում է իր կողքին լինեն բոլոր նրանք, ովքեր հիշում են, սիրում ու գնահատում. «Ընկերներս այնքան շատ են, որ հավատացեք` հրավերի կարիք չկա: Նրանք միշտ ու բոլոր առիթներին կողքիս են»:
Այս տարիների ընթացքում Անկան միայն երկու անգամ չի նշել ծննդյան օրերը` 23 և 24-րդ տարեդարձները: «Այդ տարիներին տարեդարձիս մասին մտածելու ցանկություն անգամ չունեի, հիմա, փառք Աստծո, ամեն ինչ հրաշալի է, ինձ շրջապատող մարդիկ էլ ցանկանում են ինձ միշտ երջանիկ տեսնել: Այս տարի ես ուղղակի յուրահատուկ խաղաղ ու երջանիկ եմ, ինչի պատճառով էլ դրական էմոցիաներով եմ լցվում»:
26-ամյակի կազմակերպչական հարցերով հոբելյարը չի զբաղվում. ամեն ինչ վստահել է հարազատներին. «Օրս նշելու եմ սիրելիներով շրջապատված. ընտանիքիս անդամները կընտրեն վայրն ու երեկոյան ինձ կասեն: Վստահ եմ, մեզ համար հարազատ դարձած ու թանկ մի վայր կընտրեն»:
«Ռադիո ջանի» եթերից ունկնդիրները նրա միջոցով ամեն օր շնորհավորում ու տարեդարձի երգեր են պատվիրում իրենց մտերիմների համար: Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ երգ կնվիրեր ինքն իրեն, եթե պատվիրողի դերում լիներ. «Նախ ասեմ, որ այսօր եթերում հնչող բոլոր բարեմաղթանքներն իմ սիրելի ունկնդիրներն ինձ են նվիրում: Դա ուղղակի երջանկություն է: Իսկ եթե նվիրողը ես լինեի, ապա միանշանակ` Սերժ Թանկյան` «Հայ աղջիկ»»:
Բոլորն այս տարի Անկա Սարիբեկյանին մաղթում են անձնական երջանկություն, ինչն էլ, նրա խոստովանությամբ, արդեն իսկ մտածելու տեղ է տալիս: Aysor.am-ը ևս շնորհավորում է հոբելյարին ու մաղթում` անձնական երջանկություն: