17/09/2015 14:42
Ես խաղում եմ Ռիփոյի դերը, ռեստորանի տնօրեն-մենեջերնն եմ. Սոնա Շահգելդյանը նոր կերպարի, ընտանիքի և մայրանալու մասին
Օրեր առաջ էկրան բարձրացավ «Հյուսիս-Հարավ» արկածային կինոկատակերգությունը, որում «Չդերասանի» համար լավ խաղով և պրոֆեսիոնալ մեկնարկով առանձնացավ Սոնա Շահգելդյանը: Սա երգչուհու առաջին դերասանական փորձն էր, և ռուբիկոնը պատվով հաղթահարվեց:
«Կարծում եմ, այս ֆիլմի մասին դեռ շատ կխոսեն, շատ կքննարկեն և́ իմ կերպարը, և́ իմ կոլեգաների` դերասանների և ֆիլմում նկարահանված երգիչների: Ասեմ, որ մասնագիտական կրթությունը, կլինի դերասանական, երգի կամ սպորտի ասպարեզում, պարտադիր չէ, որպեսզի լավ ներկայանաս: Կարևորը գործիդ մեջ անկեղծ լինելն ու մեծ տաղանդ ունենալն է: Շատ մարդիկ կան, որ դերասանական կրթություն ունեն, բայց… Դա պետք է քո մեջից լինի, ի վերուստ Աստված շնորհած լինի»,- Aysor.am-ի հետ զրույցում նշեց Ս. Շահգելդյանը:
Երգչուհի-դերասանուհին գոհ է և́ իր աշխատանքից, և́ ֆիլմից: Անկեղծորեն խոստովանեց, որ իր կերպարը բավական բարդ էր, սակայն իր աշխատանքին տրվել է սիրով, ստեղծագործական կազմի հետ էլ խնդիրներ երբեք չեն ծագել. «Ես խաղում եմ Ռիփոյի դերը, ռեստորանի տնօրեն-մենեջերնն եմ: Իմ կերպարը բավական ուժեղ կին է, ամեն ինչ ինքն է կազմակերպում: Իրենից բոլորը վախենում են: Բայց նա նաև շատ բարի գործեր է անում, թեև ուժեղ է, բայց փխրուն հոգի ունի: Իսկապես, շատ դժվար է խաղալ այդ դերը: Կարծում եմ, ավելի բարդ է մարդկանց ծիծաղեցնելը, քան լացացնելը»:
Հատկապես կատակերգական ֆիլմերի նկարահանումները միշտ էլ ուրախ մթնոլորտում են անցնում: Այս անգամ էլ, բնականաբար, բացառություն չի եղել. «Նկարահանման ժամանակ ծիծաղելի դեպքեր շատ-շատ են եղել, այնքան շատ, որ նույնիսկ դժվարանում եմ հիշել: Որ տեսարաներում ես էի խաղում, չէր կարող զավեշտալի չլիներ: Անկեղծ ասած, և́ ինձ համար էր հեշտ աշխատել նրանց հետ, և́ նրանց համար` ինձ հետ: Ճիշտ է, նկարահանման ընթացքում շա~տ եմ հոգնել, բայց ինձ համար հաճելի էր այդ ամենը: Երբեք հոգնածությունս ցույց չեմ տվել, գործունեությունս համատեղել եմ և շատ գոհ եմ արդյունքից: Կարծում եմ, արդյունքում կերպարս բնական է ստացվել»:
Երգչուհուն գրավել է դերասանուհու կարգավիճակը ու հետաքրքիր առաջարկներից երբեք չի հրաժարվի: «Նախ, շնորհակալ եմ «Շարմ» ընկերությունից, ռեժիսոր Դավիթ Բաբախանյանից, օպերատոր Վազգեն Սարգսյանից և մյուսներից: Կարծում եմ, այս ամենը շարունակական կլինի. շատ ֆիլմերում կխաղամ: Այնպես, որ առջևում բազում անակնկալներ կան: Ասեմ, որ այժմ էլ առաջարկ ունեմ, որի շուրջ դեռ մտածում եմ: Երբ ամեն ինչ ստույգ լինի, սիրով ձեզ կասեմ»,-վստահեցրեց նա:
Ի դեպ, Aysor.am-ն առաջինն էր ընթերցողին տեղեկացրել Սոնա Շահգելդյանի ամուսնության մասին: Հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է անցնում երգչուհու ընտանեկան կյանքը, արդյոք զույգերն ապրում են առանձի՞ն, թե՞ փեսացուի ծնողների հետ: «Ունեմ իմ ընտանիքը, ինչի համար շատ ուրախ և երջանիկ եմ: Կարևորն այն է, որ լավ ամուսին ունեմ, նրան շատ եմ սիրում, գնահատված ու սիրված եմ: Սիրուց կարևոր բան չկա: Շատ համերաշխ ենք, ապրում ենք առանձին` իմ և իր տանը: Թեև, ես սիրով կապրեի նաև ծնողների հետ»:
Մեր այն հարցին, թե արդյոք նրանք արդեն բախվել են ընտանեկան խնդիրներին, և եթե այո, ի՞նչ հարցերի շուրջ են այդ խնդիրներն առավել շատ լինում` մեր զրուցակիցը պատասխանեց. «Փառք Աստծո, դեռևս չենք բախվել որևէ խնդրի հետ: Իհարկե, շատ դժվար է ընտանիք ունենալը, ապրելը, բայց լավ է, որ աշխատանք ունենք և բոլոր խնդիրներն ինքներս ենք լուծում, ինչի համար հպարտ եմ ու ուրախ: Եթե որևէ բան էլ այնպես չի լինում, ես չեմ դժգոհում ու ցույց չեմ տալիս: Լավատեսորեն ենք մոտենում ամեն հարցի: Այ իսկ երբ բալիկներ ունենանք, առավել մեծ սիրով կտրվեմ իմ գործերին: Որքան էլ աշխատեմ, երգեմ, միևնույն է, ուրախ ու երջանիկ կլինեմ»:
Նորաստեղծ ընտանիքն արդեն իսկ մտածում է համալրվելու մասին: Աստծո կամքով` սպասում են իրենց հրաշքին: «Դա պլանավորելով չէ, բայց շատ եմ ուզում մայրանալ… Բայց դա շատերի համար թող անակնկալ մնա, որպեսզի ավելի հետաքրքիր լինի»,- խորհրդավոր ժպիտով մեկնաբանեց Սոնա Շահգելդյանը:
Այժմ երգչուհին զբաղվում է իր մասնագիտական աշխատանքով: «Նոր տեսահոլովակ եմ նկարահանում, որի պրեմիերան կլինի հոկտեմբեր ամսին: Երգը կոչվում է ընտանիք, տեսահոլովակն էլ հենց այդ մասին է: Կարծում եմ, այս թեմայով երգ դեռ ոչ ոք չի գրել: Երգի հեղինակը տաղանդավոր երգահան Մարինե Մխիթարյանն է, ռեժիսոր է Արմեն Պիրիմաշին: Տեսահոլովակում ներգրավված կլինեն նաև դերասաններ, պարողներ: Կերպարային առումով աշխատելու եմ նկարիչ-դիզայներ Անուշ Հովհաննիսյանի հետ: Գործիքավորման համար շնորհակալ եմ Միքայել Մայիլյանին, «Արդինի» ստուդիային և Հմայակ Ռոստոմյանին: Շատ նոր երգեր ունեմ, որոնք իրենց հերթին են սպասում: Նաև տարբեր միջոցառումների մասնակցության հրավերներ ունեմ: Հայաստանից դուրս էլ համերգների եմ հրավիրված, սակայն մի փոքր տատանվում եմ. այստեղ հրավերներս շատ-շատ են»,-զրույցը եզրափակեց Սոնա Շահգելդյանը: