17/09/2015 13:28
Գոհար Գասպարյանը՝ Եվրատեսիլ 2016-ին Իվետա Մուկուչյանի մասնակցության մասին
2016 թ. կայանալիք Եվրատեսիլում Հայաստանը անգամ դեռևս չի հաստատել իր մասնակցությունը:
Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը՝ ի պատասխան այն հարցին՝ արդյոք ճիշտ են մամուլում առկա լուրերը, որ հաջորդ տարի Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնելու է գերմանաբնակ երգչուհի Իվետա Մուկուչյանը։
«Եթե այդ լրատվամիջոցները զբաղվում են նման թյուրիմացություն տարածելով, թող շարունակեն: Նման խոսակցություն չի եղել, դա հերթական բամբասանք է»,- ասաց նա:
Հայաստանի հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ հայտնեցին. «Հայաստանը դեռևս չի հաստատել իր մասնակցությունը Եվրատեսիլ-2016-ին, ուր մնաց թե արդեն հայտնի լինի Հայաստանի ներկայացուցչի անունը: Հանրային հեռուստաընկերությունը նման որոշումները հայտնում է պաշտոնական հաղորդագրությունների տեսքով, իսկ նման հաղորդագրություն մենք չենք տարածել, նշանակում է, որ դեռ որեւէ հստակ ինֆորմացիա չկա: Կոչ ենք անում զերծ մնալ ոչ հավաստի ինֆորմացիայի տարածումից»:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթը անցկացվել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Մրցույթում հաղթել է Շվեդիան ներկայացնող Մոնս Զելմերլյովը՝ «Heroes» երգով:Հայաստանը ներկայացրել են «Genealogy» խումբը՝ «Face The Shadow» (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) խորագրի ներքո: