18/09/2015 12:16
Ստեփանակերտի Ֆրանսիայի պուրակում բացվել է քանդակագործ Թորոս Ռասթկելենյանի «Հավերժություն» արձանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 18-ին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտի Ֆրանսիայի պուրակում քանդակագործ Թորոս Ռասթկելենյանի «Հավերժություն» արձանի բացմանը և «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախ-Ֆրանսիա բարեկամությունը թևակոխում է մի նոր փուլ՝ ընդգծելով, որ Ֆրանսիայի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը մեր արտաքին քաղաքականության օրակարգի կարևորագույն ուղղություններից մեկն է:
«Ի դեմս Ֆրանսիայի՝ մենք ունենք հզոր ու քաղաքակիրթ բարեկամ երկիր, որի հետ կապված ենք բազմաթիվ խողովակներով: Ես լավատես եմ մեր երկկողմ հարաբերությունների ապագայի հանդեպ, քանի որ տեսնում եմ անկեղծ ձգտում և հաստատակամություն մեր եղբայրական կապերը զարգացնելու ուղղությամբ»,- նշել է երկրի ղեկավարը:
Միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ և պաշտոնյաներ, հյուրեր արտերկրից և սփյուռքից, պաշտոնատար այլ անձինք: