18/09/2015 18:42
Ալեքսանդր Ցեկալոն վարպետության դաս անցկացրեց ուսանողների համար
Հայտնի շոումեն, հեռուստահաղորդավար, պրոդյուսեր Ալեքսանդր Ցեկալոն այսօր՝ սեպտեմբերի 18-ին, վարպետության դաս անցկացրեց Երևանի պետական համալսարանի Մասս մեդիա գիտակրթական կենտրոնում, որին ներկա էին ուսանողներ հայաստանյան տարբեր բուհերից, ինչպես նաև մեդիաոլորտի աշխատակիցներ: Հանդիպման նպատակն էր ուսանողներին և մեդիալորտի տեղի մասնագետներին հնարավորություն ընձեռել ծանոթանալու հեռուստաարտադրության գործընթացի առանձնահատկություններին և միջազգային փորձին:
Հանդիպման ընթացքում ճանաչված պրոդյուսերը անդրադարձ կատարեց հեռուստաարտադրության ստեղծման ողջ գործընթացին, ինչպես նաև զուգահեռներ անցկացրեց ռուսական և արտասահմանյան եղած պրակտիկաների միջև:
Ալեքսանդր Ցեկալոյի խոսքով՝ մեդիալորոտի աշխատակիցների համար չափազանց կարևոր է լավագույնս ճանաչել շուկան, անհրաժեշտ տեղեկատվություն ունենալ պարբերաբար ստեղծվող միջազգային նախագծերի, սերիալների, հաղորդումների մասին:
Նա խորհուրդ տվեց ներկաներին առավելագույն ուշադրությամբ, նվիրվածությամբ ու սիրով անել սեփական աշխատանքը՝ իհարկե հաշվի առնելով հեռուստադիտողներին ճաշակը, ցանկությունները, սակայն, մասնագետի դիտարկմամբ, ամենակարևորը պատասխանատու լինելն է սեփական աշխատանքի նկատմամբ:
Նա պատասխանեց ուսանողներին հետաքրքրող բոլոր հարցերին, կիսվեց սեփական փորձով:
Ալեքսանդր Ցեկալոն Հայաստանում է ԵՊՀ Մասս մեդիա գիտակրթական կենտրոնի հրավերով, որը ստեղծվել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախաձեռնությամբ: Մասս մեդիան մագիստրոսական կրթություն է իրականացնում հեռուստատեսային ամենատարբեր մասնագիտություններով: Ուսանողներն ուսումնառության ընթացքում ներգրավվում են հեռուստատեսային տարբեր նախագծերում և հնարավորություն ստանում գործնականում կիրառելու ձեռք բերած հմտությունները: Ոլորտի օտարերկրյա ներկայացուցիչների հետ սա առաջին հանդիպումը չէր. նմանատիպ հանդիպումները շարունակական բնույթ են ունենալու: