18/09/2015 15:45
Արմեն Հովհաննիսյան` «Մի գնա». նոր պարային, ռիթմիկ երգ հայկական երգարվեստում
«Հայաստանի ձայնը» նախգծի երկրորդ եթերաշրջանի մասնակից Արմեն Հովհաննիսյանը երեկ հանդիսատեսի դատին հանձնեց իր հերթական տեսահոլովակը: «Մի գնա». այսպես է կոչվում նոր ստեղծագործությունը, որի խոսքերի հեղինակը Ռուզաննա Անդրեասյանն է, երաժշտությունը գրել է Իրինա Հարությունյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Նիկ Եգիբյանն է: «Շատ գեղեցիկ, երիտասարդական, սիրային տեսահոլովակ ենք ստացել: Փորձել ենք ներկայանալ մինիմալիստական ոճով, գույներով և տեսարաններով: Մեզ համար կարևորն այն է, որ հեռուստադիտողը հավանի: Ամեն դեպքում, ես ջանք ու եռանդ չեմ խնայել` ևս մեկ նորությամբ հանդես գալու համար: Հավատացեք, այս աշխատանքին երկար եմ սպասել: Չնայած բազում խոչընդոտներ եղան, բայց ավարտին հասցրեցինք մեր սկսած աշխատանքը»,-Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց Ա. Հովհաննիսյանը:
Ի դեպ, սա երգչի երկրորդ տեսահոլովակն է: Նա նշեց, որ ի սկզբանե նպատակ էր դրված` ամեն կերպ տարբերվել նախորդից. «Ամեն ինչ արվել է, որ այս անգամ ոճային, կերպարային առումով տարբերվեմ: Նույնը վերաբերում է նաև երաժշտությանը: Այս երգը ոչնչով նման չէ իմ նախորդ կատարմանը: «Մի գնա»-ն պարային, ռիթմիկ երգ է»:
Թեև երգի և տեսահոլովակի պրեմիերան դեռ նոր է կայացել, սակայն մեր զրուցակիցն արդեն իսկ աշխատում է նոր երգի վրա` վստահեցնելով, որ այն ևս առանց տեսահոլովակ չի մնա: