18/09/2015 20:18
«ֆրանսիայի դեսպանը նույնպես աջակցել է, որպեսզի հյուրախաղը կայանա». Մարիամ Ղազանչյանը հանդես կգա ստամբուլյան բեմում
Հոկտեմբերի 15-ին և 16-ին ստամբուլյան թատրոնի բեմում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական և Պատանի հանդիսատեսի անվան թատրոնների դերասանուհի Մարիամ Ղազանչյանը կներկայանա «Մարսել» մոնոներկայացմամբ: «Մեկնելու եմ ամսի 14-ին՝ 4 օրով: Այնտեղ ներկայացումը հավանել են ու հրավիրել: Երկրորդ անգամ եմ լինելու Թուրքիայում: Նախորդ անգամ այնտեղ եղել եմ շատ տարիներ առաջ՝ 1 օրով. թատրոնի անձնակազմով գնում էինք հյուրախաղերի՝ Մակեդոնիա: Մեկ օր անցկացրեցինք Ստամբուլում, որտեղ մեզ հյուրընկալեց «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը»,-մանրամասնեց դերասանուհին:
Այս անգամ Մարիամ Ղազանչյանը Թուրքիա մեկնում է «Ակոս» թերթի լրագրող Էմրե Էրդեմի հրավերով: «Նրան ճանաչում եմ 2006 թվականից, նա նաև դրամատուրգ, թատերագետ է: Դինքի հետ մտերիմ ընկերներ էին: Մենք ծանոթացել ենք Գերմանիայում՝ փառատոնի ժամանակ»,-նշեց մեր զրուցակիցը:
«Մարսել» ներկայացումը ցուցադրվելու է ոչ միայն հայ համայնքի համար: Ի դեպ, այն նվիրված է լեգենդար երգչուհի Էդիտ Պիաֆին, ում 100-ամյակը նշվում է այս տարի. «Այնտեղ խաղալու եմ ֆրանսիական դեսպանատան և հայ համայնքի համար: ֆրանսիայի դեսպանը նույնպես աջակցել է, որպեսզի հյուրախաղը կայանա: Մոնոներկայացման ռեժիսորը հայրս է՝ Հակոբ Ղազանչյանը, ընտրել ենք Պիաֆի կենսագրության երկրորդ փուլը՝ Մարսել Սերդանի մահից հետո: Ներկայացման մեջ տեքստ չկա, այն կառուցված է Պիաֆի երգերի և շարժման վրա»:
Հատկապես 2015 թվականին մեր հայրենակիցներից շատերն են խուսափում թուրքական միջավայրից: Սակայն Մարիամ Ղազանչյանը նման «վախեր» չունի, հատկապես, երբ նրան ուղեկցում է ամուսինը: «Անկեղծ ասած՝ չէի լսել, որ խուսափողներ կան: Այդ մասին չեմ էլ մտածել: Ասեմ, որ ինձ հետ գալիս է տեխնիկական կազմը: Թեև ներկայացման ռեժիսորը հայրս է, բայց նա, հավանաբար, չկարողանա մեզ հետ գալ: Չնայած` նրա կարիքն այնտեղ շատ կզգացվի: Այդ օրերին կողքիս կլինի նաև ամուսինս»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Մարիամ Ղազանչյանը: