18/09/2015 14:10
Ռիշար Բոնա. Անհամբերությամբ սպասում են այսօրվա համերգին
Երաժշտություն ուսումնասիրող ուսանող եմ, անկախ նրանից` վերևում, թե ներքևում կլինեմ, երաժշտությամբ եմ զբաղվելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հայտնի բաս կիթառահար, ջազ-ռոքի վարպետ Ռիշար Բոնան, ով Հայաստան է ժամանել՝ մասնակցելու «Yerevan Jazz Fest 2015»-ին։
«Մենք միշտ էլ սեր ենք փնտրում, և եթե անգամ գտնում ենք, միևնույն է՝ շարունակում ենք փնտրել»,- ասաց նա։
Ռ. Բոնայի խոսքով՝ երաժշտության մեջ սխալ չկա: «Երաժշտությունը այն պատկերներն են, որոնք շրջապատում են քեզ»,- նշեց նա։
«Այն, ինչ մենք սովորում ենք, սովորում ենք մեզանից տարբերվող մարդկանցից: Իմ հայրենի գյուղում բրինձը ձեռքերով են ուտում, իսկ երբ գնաք Չինաստան, ձեզ կսովորեցնեն բրինձը ուտել փայտիկներով, երբ գնաք Եվրոպա՝ գդալով և պատառաքաղով։ Մի' վախեցեք տարբերությունից»,-ասաց նա։
«Հայաստանում ինձ շատ լավ եմ զգում, ճիշտ է՝ նոր եմ եկել, շատ բան դեռ չեմ հասցրել տեսնել, բայց անհամբեր սպասում եմ այսօրվա համերգին»,- ասաց նա: