21/09/2015 19:07
Մեր երիտասարդ հանրապետությանը մաղթում եմ հաղթանակներ, կայունություն , ազնիվ քաղաքական գործիչներ. Տիգրան Մնացականյանը նշում է ծննդյան 38-րդ տարեդարձը
Դերասան Տիգրան Մնացականյանը, ում հեռուստադիտողը ծանոթ է մի շարք ֆիլմերից և հեռուստասերիալներից, այսօր նշում է ծննդյան 38-րդ տարեդարձը: Aysor.am-ը շնորհավորելով հոբելյարին՝ հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է տոնական օրն անցկացնելու:
«Այսօր որոշել եմ ամբողջ օրը նվիրել ընտանիքիս և մնալ տանը, քանի որ հազվադեպ եմ ունենում հանգստյան օր: Բայց վստահ եմ, որ հետաքրքիր օր եմ ունենալու: Ի դեպ, երբեք ուշադրություն չեմ դարձրել, թե ինչ և ինչպես է կազմակերպված եղել ծննդյանս տոնակատարությունը»,-ժպիտով նշեց նա:
Ինչ վերաբերում է հյուրերին, ապա դերասանը հատուկ հրավեր չի սիրում անել: Նախընտրում է՝ իրեն այցելեն նրանք, ովքեր կհիշեն: Նվերների առումով թեև բծախնդիր չէ, սակայն ունի ընդգծված «թուլություններ»: «Կարևոր չէ, թե ինչ նվեր է, կարևորը վերաբերմունքն է: Բայց, ամեն դեպքում, մտերիմներս գիտեն իմ թուլությունների մասին. դրանք ժամացույցներն ու կրակայրիչներն են»,-խոստովանեց հոբելյարը:
Ծննդյան օրվա առաջին անակնկալը ստացել է կեսգիշերին, երբ ժամացույցի սլաքները ազդարարեցին 24:00՝ սեպտեմբերի 21-ի սկիզբը. «Միջոցառման ժամանակ, որը ես էի վարում, ընկերներս անակնկալ մատուցեցին: Հաջորդ անակնկալը ստացա իմ սիրելի կնոջիցս` Լիանայից, ով մինչ ուշ գիշեր, նվերով (որն, ի դեպ, գաղտնի պահեց Ն.Մ.) սպասում էր իմ վերադարձին: Այժմ սպասում եմ երեկոյի շարունակությանը»:
Այն, որ Տիգրան Մնացականյանը պատահական օր չի ծնվել, արդեն իսկ պարզ է: Փորձելով մի փոքր քաղաքականացնել նրա հոբելյանը, հետաքրքրվեցինք, թե բացի սեփական ձեռքբերումներից, ո՞րն է մեր 24 ամյա անկախ երկրի ամենամեծ ձեռքբերումը: «Այս հարցին, եթե պատասխանեմ անկեղծ, ապա… Բայց չէ, չեմ ուզում այսօր անրադառնալ քաղաքականությանը: Ուղղակի ուզում եմ բոլորին շնորհավորել անկախության օրվա կապակցությամբ և մեր երիտասարդ հանրապետությանը մաղթել հաղթանակներ, կայունություն , ազնիվ քաղաքական գործիչներ…»,-անկեղծացավ նա:
Իսկ թե իրեն ուղղված մաղթանքներից որոնք են գերակշռողը, վերջինս առանց տարակուսելու նշեց. «Ինձ առավել շատ մաղթում են առողջություն, երջանկություն և նոր ու լավ կերպարներ: Դեմ չեմ»: