22/09/2015 19:47
Ինչպես աշխատել եմ, այդպես էլ աշխատելու եմ. ժողովրդական և վաստակավոր արտիստները՝ կոչման մասին
Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի հանրապետության նախագահի հրամանագրով բարձր անվանակարգերով պարգևատրվեցին մի շարք գործիչներ: Aysor.am-ը շնորհավորեց և զրուցեց մշակույթի ոլորտում ներդրում ունեցող այն մտավորականների հետ, որոնց կոչումներն իսկապես վաստակած են, ժողովրդի կողմից գնահատված:
Սիրված ու ճանաչված դերասան Հրանտ Թոխատյանը մեր այն հարցին, թե արդյոք սպասելի էր իր համար Ժողովրդական արտիստի կոչմանն արժանանալը, պատասխանեց. «Ճիշտն ասած՝ երբեք ոչնչի չեմ սպասել, բացի ներկայացման պրեմիերաներից: Մնացած ամեն բան լինում է ինքնըստինքյան: Իմ աշխատանքը գնահատվել է, ընդ որում, առաջին հերթին իմ հանդիսատեսի կողմից: Ես ուզում եմ, որ բոլորն իմանան՝ ես ունեմ աշխարհի ամենալավ գնահատականը. դա այն ծափահարություններն են, որոնք ես ստանում եմ ամեն երեկո՝ իմ ներկայացումներից հետո: Դրանից ավելի լավ բան կարո՞ղ է լինել աշխարհում»:
Թե ի՞նչ են տալիս պետության կողմից բաշխվող կոչումները վաղուց արդեն իսկ կայացած դերասանին, մեր զրուցակիցը նշեց. «Հանդիսատեսն իր գնահատականը տալիս է ծափահարությունների տեսքով, որը պետական այրերը, հավանաբար, վեր են ածում կոչման ու վերադարձնում դերասանին: Դա իմ կյանքում ոչինչ չի փոխելու: Ես ինչպես ապրում ու աշխատում էի, այդպես էլ շարունակելու եմ. երեկ առավոտյան էլ էի նկարահանման, այսօր էլ եմ այստեղ, երեկոյան էլ գնալու եմ փորձերի: Ասեմ, որ ավելի շա՞տ պետք է աշխատեմ՝ Սուտ կլինի, քանի որ սրանից ավելի չի կարելի, այն արդեն հիվանդության կհանգեցնի: Այնպես որ, ինչպես աշխատել եմ, այդպես էլ աշխատելու եմ՝ օրը 24 ժամ»:
Շատերի համար դժվար է թաքցնել էմոցիաները, զգացողությունները հաճախ ասում են իրենցը: Սակայն, ոչ միշտ է, որ այս կամ այն գնահատականը կարող է թեկուզ լավ առումով հունից հանել մրդուն: «Ինչ վերաբերում է առաջին զգացողություններին, ապա երևի, եթե լինեի 20-25 տարեկան, ինչ-որ զգացմունքներ, զգացողություններ կառաջանային, բայց այսօր այդ կոչումը նման զգացողություններ չի ծնում իմ մեջ: Նույնիսկ ավելին՝ չի էլ պարտավորեցնում, քանի որ ես առանց այդ էլ պարտավոր եմ իմ հանդիսատեսի առջև: Սա ուղղակի հերթական գնահատականներից է, որը տրվեց»,-նշեց մեր զրուցակիցը:
Երեկվանից բուռն քննարկվում է նաև որոշ գործիչների՝ անհասկանալիորեն վաստակավոր արտիստների կոչմանն արժանանալու փաստը: Ինչպե՞ս է վերաբերում նման պարգևատրումներին ՀՀ Ժողովրդական, տվյալ դեպքում՝ արժանի արտիստը: «Վերաբերում եմ այնպես, ինչպես բոլոր այն մարդկանց, ովքեր այսօր ունեն այն, ինչին արժանի չեն… Այսպիսի օրնակ բերեմ. Ի՞նչ եք կարծում, եթե ես կոչում չստանայի ու վաղը ներկայացման պրեմիերա ունենայի, իմ հանդիսատեսը չէ՞ր գալու: Իհարկե գալու էր: Այդ դեպքում այս կոչումը ի՞նչ է ավելացնելու, նոր սպասելիքնե՞ր են առաջանալու: Հիմա ավելի լավ կամ վա՞տ եմ խաղալու: Ոչ, ոչինչ չի փոխվելու, անկախ կոչումից՝ ես ձգտելու եմ դեպի լավը… Այնպես որ, այն մարդիկ, ովքեր կոչում են ստացել՝ առանց արժանին լինելու, լուրջ ճանապարհ անցնելու, դա չի ավելացնելու նրանց սիրողների ու ընդունողների շարքերը: Նկատել եմ, որ երեկվանից քննադատում են, խոսում, բայց դա ներվ է, որն իզուր տեղը ծախսվում է: Միևնույն է, գնահատողը ժողովուրդն է: Աշխատողը աշխատելու է, չաշխատողը՝ ոչ»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Հրանտ Թոխատյանը:
Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Արևիկ Սանթրոսյանն էլ խոստովանեց, որ այս անգամ չէր սպասում վաստակավոր արտիստի իր հերթին: «Անկեղծ ասած՝ այս անգամ բոլորովին չէի սպասում, ավելի շատ նախորդ անգամ էի սպասում, բայց որ չստացվեց, մտածեցի՝ լավ, երևի դա չլինելու բան է: Երբ զանգահարեցին ասացին, որ կոչման եմ արժանացել և հրավիրվեցին նախագահի նստավայր, իսկապես ուրախացա, թեկուզ այն պատճառով, որ հաճելի էր գնահատվելը»,-նշեց նա:
Ի՞նչ է ավելացնում Վաստակավոր արտիստի կոչումը կայացած դերասանուհու կյանքում: Արդյոք ավելի գնահատված է զգում, թե՞ պարտավորվածությունն է ավելանում: «Որևէ էական օգուտ չեմ կարող նշել, պարզապես, երբ այդքան երկար տարիներ աշխատում ես, նվիրված ես, մութ ու վատ տարիներին չես լքել հայրենիքդ, թատրոնդ, հաճելի է, որ գնահատվում ես: կցանկանամ, որ բոլոր իմ տարեկիցները, կոլեգաները, ովքեր բարդ ճանապարհ են անցել՝ գնահատվեն: Խորհրդային տարներին, երբ մարդը 15-20 տարի աշխատում էր նույն բեմում, ապա այլընտրանք չէր կարող լինել. նա անպայման կոչման էր արժանանում: Թող մեր ժամանակներում էլ մարդիկ գնահատվեն ըստ արժանավույն»,-եզրափակեց դերասանուհին:
41-ամյա երգիչ Համլետ Գևորգյանը երեկ ևս արժանացավ վաստակավոր արտիստի կոչմանը: Մեզ հետ զրույցում վերջինս նշեց. «Այնպես չի, որ չէի սպասում այս կոչմանը, բայց չգիտեի, թե դա երբ կլիներ: Հավանաբար, ճիշտ ժամանակին եղավ: Բնականաբար, ոգևորիչ է, որ պետության կողմից արժանանում ես նման պատվավոր կոչման: Սա անփոխարինելի պահ է մարդու կյանքում, այն հաճախ կրկնվողների շարքին չի դասվում»:
Երգիչը նշեց, որ անկախ կոչումից, պարտավորվածություն միշտ է զգում իր հանդիսատեսի առջև. «Այն, որ եկել հասել եմ այստեղ, այդ պարտավորվածության արդյունքն է: Թեև չեմ ժխտի և կասեմ, որ պատասխանատվությունն ավելի է մեծանում այս դեպքում: Ինձ թվում է, այդ կոչումը հենց այնպես չի տրվում: Իմ դեպքում գոնե այդպես է»:
Մեր այն հարցին, թե արդյոք չի ցանկանում արդեն վաստակավոր արտիստ Համլետ Գևորգյանը մենահամերգով ներկայանալ իր հանդիսատեսին, վերջինս նշեց. «Իմ նոր կարգավիճակը այս դեպքում որևէ եղանակ չի փոխում: Եթե մենահամերգ պատրաստելու լինեմ, առանց այդ կոչման էլ կանեմ»: