22/09/2015 19:22
ՀՏ Հայկոն շատ պրոֆեիոնալ էր արել ամեն ինչ, իսկ ֆիլմի «փափուկ օդը» Դիանա Մալենկոն էր. Հայկոն և Հրանտ Թոխատյանը ֆիլմի մասին
Յուրաքանչյուր նոր գործ սկզբնական շրջանում միշտ էլ դառնում է բուռն քննարկման թեմա: Եթե թե լավ, թե վատ խոսակցությունները շուտ են մարում, ապա նշանակում է՝ ձեռնարկված աշխատանքն անհաջողության է մատնված: Օրեր առաջ էկրան բարձրացած «Հյուսիս-Հարավ» կինոկատակերգությունը չի դադարում մնալ ամենաթեժ քննարկումների շաքում, քանզի այստեղ կան նորարարություններ ու ֆիլմին նոր շունչ տվող երգիչ-դերասաններ: Aysor.am-ը շարունակում է ներկայացնել տեսակետներ:
Դերասան Հրանտ Թոխատյանը ֆիլմին մոտեցել է օբյեկտիվորե՝ առանց լրացուցիչ ակնկալիքների: «Այսպիսի ֆիլմեր դիտելիս քո ընդհանուր սպասելիքը միայն այն է լինում, թե այն որքանով պետք է տրամադրությանդ վրա ազդի, ընդ որում՝ դրականորեն: Նման ֆիլմերն իրենց մեջ չեն պարունակում մտքի մեծ թռիչք և չեն բարձրացնում որևէ թեմա: Իրենք պարզապես զվարճացնելու համար են, ու կարծում եմ, այս ֆիլմն իր առջև դրված խնդիրը կատարեց»,-մեկնաբանեց նա:
Արդյոք դերասանն այլ սպասելիքներ ուներ և որքանո՞վ արդարացան այդ սպասելիքները՝ մեր զրուցակիցը նշեց. «Ինքս իմ առջև նման խնդիր չեմ դրել, որպեսզի հատուկ սպասելիք ունենայի: Ընդհանուր, դերասանական կազմը, ռեժիսորական աշխատանքն ինձ դուր եկան: Կարելի է ասել այն, ինչ ֆիլմից սպասում էի, ստացա»:
Իհարկե, Հրանտ Թոխատյանը չթաքցրեց, որ իր համար բացահայտում էր Սոնա Շահգելդյանը:
Ֆիլմի երաժշտական ձևավորող Հայկոն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ իրեն բավարարված է զգացել նաև հանդիսատեսի կարգավիճակում: Դրական լիցքերն էկրանից փոխնցվել ու ողջ ընթացքում պահպանվել են. «Չնայած՝ ինքս էլ երկար ժամանակ աշխատում էի ֆիլմի վրա, բայց այդ օրը կարծես առաջին անգամ դիտեի: Շատ դրական և ուրախ տրամադրություն ապահովեց»:
Իսկ թե ինչո՞վ է այն տարբերվում հայկական ֆիլմարտադրության մեջ վերջին շրջանում տեղ գտած կինոկատակերգություններից` Հայկոն նկատեց. «Այս ֆիլմն ամեն ինչից բացի նաև շատ հագեցած էր տեխնիկապես: Տարբերվում է չափազանց պրոֆեսիոնալ արված գրաֆիկայով, տեխնիկական հնարքներով, ինչն արդեն իսկ կարելի է համեմատել հոլիվուդյան մակարդակի հետ»:
Երաժիշտ-երգահանը դրական է գնահատում նաև ֆիլմում ներգրավված բոլոր դերասանների խաղը, բայց առավել հիացած է նրանցից մի քանիսով: «Անկեղծ ասած՝ բոլորն էլ շատ լավն էին, բայց ես կառանձնացնեմ Սոնա Շահգելդյանին, ով ևս մեկ անգամ զարմացրեց իր տաղանդով: ՀՏ Հայկոն շատ պրոֆեիոնալ էր արել ամեն ինչ, իսկ ֆիլմի «փափուկ օդը» Դիանա Մալենկոն էր: Դե, իսկ Մկոյի մասին խոսելն, ինձ թվում է, ավելորդ է»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է «Հյուսիս-Հարավի»՝ Հայկոյի համար ամենատպավորված հատվածին, ապա նա առանձնացրեց մի քանիսը: «Կնշեմ անտառում փախչելու պահը, Մկոյի՝ ռուսական բաղնիքում գտնվելու հատվածը և Սոնայի մուտքը: Այս ֆիլմի ամեն մի հատվածը, հավանաբար, 100-րդ անգամ էի դիտում, յուրաքանչյուր մասի վրա առանձին-առանձին աշխատել ենք, բայց նորից հաճույքով կդիտեի կինոթատրոնում: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ բոլորին շնորհակալություն հայտնել պրոֆեսիոնալ ու քրտնաջան աշխատանքի համար: Ինձ շատ հաճելի էր աշխատել «Հյուսիս-Հարավ» ֆիլմի վրա»,-Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Հայկոն: