23/09/2015 14:28
Անժելիկա Վարումը հեռանում է մեծ բեմից
Ռուս էստրադային երգչուհի Անժելիկա Վարումը հայտնել է մեծ բեմից հեռանալու մասին: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է հրավիրված մամլո ասուլիսում:
Նա հայտարարել է մեծ բեմից և շոու բիզնեսից հեռանալու մասին. այս մասին գրում է ռուսական Live-style-ն՝ հավելելով, որ երգչուհին այդ քայլին է գնում հանուն դստեր ու ամուսնու:
«Այս կյանքում ընտանիքից առավել թանկ ոչինչ չկա, հետևաբար պետք է ընտանիքին ավելի շատ ժամանակ հատկացնել և ուշադրություն դարձնել: Ես ուզում եմ իմ ժամանակն անցկացնել ամուսնուս և աղջկաս հետ, ով այս օրերին ԱՄՆ-ում իր պապիկի մոտ է գտնվում»,- հայտարարել է երգչուհին:
Վերջին շրջանում նկատելի է երգչուհու պասիվությունը: Նա այլևս իր երկրպագուներին չի ուրախացնում նոր համերգներով ու երգերով: Հրաժեշտի համերգ ևս չի լինի: Ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, իրականում երգչուհին իրեն հայտնի չի համարում: Նա գտնում է, որ չկայացած մայր և կին է, և փորձելու է այս ընթացքում իր սխալն ուղղել և իր մնածաց ողջ ժամանակը ընտանիքին հատկացնել:
«Շոու-բիզնեսը, անվերջ շրջագայությունները, համերգներն ինձ արդեն հոգնեցրել են: Ինձ հոգնեցրել ու հիասթափեցրել է ընտանիքի հետ անվերջ բաժանումը և ես ուզում եմ այդ ամենն ուղղել: Ես ուզում եմ իմ ընտանիքին ավելի շատ ժամանակ հատկացնել և նոր կյանք սկսել՝ նրանց նվիրելով իմ սերն ու ժամանակը»,- ասել է Վարումը:
Երգչուհին չի բացառել, որ առաջիկայում հնարավոր է մեկնի Մայամի, որտեղ էլ ընտանիքի հետ կապրի: