23/09/2015 19:45
Չեմ կարող այստեղ մշտական հաստատվել, որովհետև այնտեղ շատ բան եմ ստեղծել. Արթուր Աբրահամ
Aysor.am-ը Ձեզ է ներկայացնում Արթուր Աբրահամի հետ զրույցի երկրորդ հատվածը: Նշեմ, մեր հանդիպման վայրը Արթուրի նախընտրած բացօթյա սրճարանն էր, որտեղ նրան ամեն պահի «հանգիստ» չէին տալիս համաքաղաքացիները. «Չեմպիոն, ծիրան, պոպոք, պնդուկ կուզե՞ս»: Ի դեպ, քանի որ նույնիսկ սրճարանի աշխատակիցը գիտեր նրա նախընտրած ծիրանի հյութի մասին, եզրակացրեցի` Արթուր Աբրահամը հայկական ծիրանի սիրահար է:
-Արթուր, շատերը վաղուց սպասում են նաև Ձեր մարզադպրոցին… Մտածո՞ւմ եք արդեն այն հիմնելու մասին:
-Ներկա պահին դեռ չեմ շտապում: Ճիշտ է, արդեն հողատարածք ունեմ, բայց այն ստեղծելու, կառուցելու համար շատ ժամանակ է հարկավոր, պետք է անընդհատ գործիդ «գլխին կանգնած» լինես: Դրանով զբաղվելը մի քանի տարի կտևի, իսկ հիմա իմ ամենակարևոր տարիներն են, ամբողջ ժամանակս պետք է տրամադրեմ սպորտին: Անընդհատ հավաքների եմ մասնակցում, այստեղ գալուց երկու-երեք շաբաթ եմ մնում: Չեմ հասցնի:
-Իսկ զգացե՞լ եք, մեր պատանիները հետաքրքրվա՞ծ են բռնցքամարտով:
-Շատ-շատ են հետաքրքրված: Մեզ մոտ անհատական սպորտաձևերը` ըմբշամարտ, բռնցքամարտ, ձյուդո, սամբո, բարձր մակարդակի վրա են:
-Հնարավո՞ր է, երբևէ որոշեք Հայաստանում հաստատվել ընդմիշտ:
-Չեմ կարող այստեղ մշտական հաստատվել, որովհետև այնտեղ շատ բան եմ ստեղծել: Երբ Հայաստան եմ գալիս, զբաղվելու ոչինչ չեմ ունենում, միայն հանգստանում եմ: Իսկ այնտեղ շատ գործեր ունեմ, աշխատողներ…
-Բնականաբար, այդ գործերը սպորտաձևի հետ կապ չունեն, խոսքն անձական բիզնեսի մասին է, այո՞:
-Այո, սպորտային կյանքից հետո էլ մի կյանք կա չէ՞, որը պետք է ապրես: Արդեն ստեղծել եմ ու ապրում եմ:
-Իսկ ի՞նչ գործունեության մասին է խոսքը:
-Անշարժ գույք, ինքնաթիռներ: Ունեմ իմ աշխատակիցները: Իսկ երբ գալիս եմ Հայաստան, անջատվում, կտրվում եմ այդ ամեն ինչից, փորձում եմ հանգիստս վայելել ու մեկնել:
-Այնտեղ ո՞ւմ հետ եք ապրում, ի՞նչ հարազատներ ունեք:
-Ապրում եմ մայրիկիս ու հայրիկիս հետ: Եղբայրս էլ իր ընտանիքի հետ 25-30 մետր այն կողմ է ապրում (ժպտում է):
-Ամեն անգամ Հայաստան գալուց ի՞նչ փոփոխություններ եք զգում մեր հայրենիքում:
-Զգում եմ, որ գնալով մարդկանց մակարդակը փոխվում է: Մեր ազգն ընդհանրապես պահանջկոտ ազգ է: Ինտերնետը հասարակությանը շատ է փոխել, ինֆորմացիա տվել: Այնպես որ, գնալով մենք էլ ենք զարգանում, փորձում ենք նմանվել Եվրոպային, անգամ` անցնել:
-Եվ ստացվո՞ւմ է:
-Այո, բայց մենք մեր տեսակով միշտ դժգոհ ենք, ուզում ենք ավելի ու ավելի լավ լինի, և դա լավ է, որ այդպես է:
-Իսկ գերմանացիներն ավելի՞ թեթև են ապրում:
-Չէի ասի, որ շատ թեթև են. տարված են իրենց աշխատանքով, տնով…Իրենք կանոնավորված են ապրում, շաբաթվա 5 օրը աշխատում են, շաբաթ-կիրակի յուրաքանչյուրն իր ուզած տարբերակով հանգստանում է: Պետությունն այնտեղ կախվածություն ունի այդ մարդկանցից, բոլորը գնում են իրենց աշխատանքին: Չեն կարող առանց աշխատելու ապրել, տան վարձ տալ, սնվել: Այնտեղ ամեն ինչը շատ թանկ է:
-Գերմանական պարտաճանաչությունն ամբողջ աշխարհին է հայտնի: Ձեզ և՞ս փոխանցվել է այն, թե ի սկզբանե պարտաճանաչ եք եղել:
-Չէ, այդպիսին չեմ եղել, գնալով եմ այդպիսին դարձել: Թեև, դեռ մի քիչ մնացել է անպարտաճանաչության սինդրոմը «ծիծաղում է»: Պատահում է, որ մի 5 րոպե պարապմունքից ուշանում եմ, մարզիչը ջղայնանում է: Իրենք շա~տ ճշտապահ են: Օրինակի համար ասեմ, որ իմ մարզիչը միշտ մեկ ժամ շուտ է գալիս պարապմունքի` մտածելով, որ կարող է ճանապարհին խցանման մեջ ընկնի: Իսկ ես միշտ հասնում եմ 5-10 րոպե առաջ:
-Ասում են, որ ընկերասեր մարդու տեսակ եք: Ովքե՞ր են Ձեր ընկերները Հայաստանում:
-Շատ մտերիմ 2-3 ընկերներ ունեմ:
-Նույն բնագավառի մարդիկ հաճախ դժվարությամբ են միմյանց հետ «լեզու գտնում»: Ինչպիսի՞ն են Արթուր Աբրահամի և Վիկ Դարչինյանի հարաբերությունները:
-Շատ նորմալ, մեկս մյուսի հանդեպ շատ հարգանքով ենք, լավ վերաբերմունք ունենք: Յուրաքանչյուրս ուրախանում է մյուսի հաջողությամբ: Ինքս չեմ սիրում վատ տրամադրված լինել մարդկանց հանդեպ:
-Ձեզ դրսում տեսած, Ձեզ հետ շփված մարդիկ միշտ ասում են, որ աշխարհի չեմպիոնին բնորոշ մեծամտությունը չունեք, համեստ մարդ եք: Աստղային փայլերը Ձեզ երբևէ չե՞ն պարուրել:
-Ես նորմալ մարդ եմ: Եթե 35 տարի նման փայլեր չեմ ունեցել, դժվար թե էլ երբևէ ունենամ: Այն արդեն ուշացել է, տեղ չի հասնի (ծիծաղում է): Ես հայկական դաստիարակությամբ մեծացած մարդ եմ, ով այստեղ ծնվել է, մեծացել, այնտեղ` արդյունքերի հասել: Բայց իմ դաստիարակությունը, ապրելակերպը, հարգանքն ու պատիվը դիմացինի հանդեպ չեմ մոռանում:
-Հայկական բնավորության ո՞ր գիծն է, որ Ձեզ առավել շատ է բնորոշում:
-Դե, մենք ընկերասեր են, շատ ենք սիրում ընտանիքին, ծնողներին: Լավ դաստիարակություն ունենք, վատ բաներ չեք անում: Հարգանք, պատիվ, թասիբ ունենք: Դա հայ ամեն մի տղայի նորմալ դաստիարակությունն է, յուրահատուկ ոչինչ չկա դրանում:
-Սակայն չժխտենք, որ Չարբախ թաղամասում ծնված-մեծացած հայ տղաները առանձնանում են նաև տաքարյունությամբ, կռվարարությամբ և «չարաճճիությամբ»:
-Երիտասարդ, դպրոցական տարիներին, բանակում եղել ե նման բաներ, բայց հիմա արդե մեծացել եմ (ծիծաղում է):
-Միգուցե գիտե՞ք Ձեր բազկի ուժը, այդ պատճառով եք հեռու մնում վեճերից:
-Չէ, նման առիթներ չեն էլ լինում, հավատացեք: Իմ շրջապատում հարգալից ենք մեկս մյուսի հանդեպ:
-Մեր հանդիպումից հասկացա, որ Ձեզ համար դժվար կլինի քաղաքում զբոսնելը. Բոլորը ճանաչում են, բոլորը ձգտում շփվել, խոսել: Կարողանո՞ւմ եք Երևանում զբոսնել, թե՞ խուսափում եք ու նախընտրում ավտոմեքենան:
-Չէ, ինչո՞ւ, ես միշտ էլ սիրում եմ զբոսնել երեկոյան Երևանում:
-Հետաքրքիր դեպքեր պատահո՞ւմ են:
-Դե, օրինակ, գնում եմ պաղպաղակ գնելու, գումարը չեն ուզում վերցնել: Բայց իրենք այնքան լավ մարդիկ են, որ իրենց պետք է մեկին հինգ ավել վճարել: Ես միշտ ավելին եմ վճարում: Իրենք մեծահոգի են ու դու էլ պարտավոր ես եռակի-քառակի մեծահոգի լինել: Իրենք թեկուզ քիչ ունեն, բայց այնպիսի քայլ են անում, որ մարմինդ փշաքաղվում է: Ես սիրում եմ բարի մարդկանց:
-Արթուր, բռնցքամարտիկների դեպքում տարիքային սահմանափակում կա՞:
-Ամեն մեկը պետք է զգա իր տարիքն ու ավարտի կարիերան: Ինձ համար այդ տարիքը, կարծում եմ, 37-ը կլինի: Ուզում եմ վերջացնեմ, որ իմ կյանքից մի բան հասկանամ, թե չէ ընդհանրապես ոչինչ չեմ հասկանում կյանքիցս:
-Շնորհակալ եմ զրույցի համար: Ինչպե՞ս կեզրափակեք մեր հարցազրույցը:
-Ես ևս շնորհակալ եմ: Շնորհակալություն եմ հայտնում նաև իմ բոլոր երկրպագուներին: Ուրախ եմ, որ այդքան լավն են, միշտ իմ կողքին են, ինձ հետ` անկախ հեռավորությունից: