23/09/2015 12:56
Ծնվել է Արտավազդ և Մարիամ Ամիրյանների առաջնեկը
Երեկ՝ սեպտեմբերի 22-ին ժամը 20:00-ին Շենգավիթ բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկավ Արտավազդ և Մարիամ Ամիրյանների առաջնեկը: Aysor.am-ը շնորհավորելով նորաթուխ հայրիկին՝ նախ հետաքրքրվեց, թե ինչպե՞ս են իրենց զգում փոքրիկն ու մայրիկը:
«Կինս իրեն զգում է հրաշալի՝ օդերում: Փոքրիկն էլ շատ լավ է: Ամեն ինչ շատ լավ է անցել, փառք Աստծո, ոչ մի բարդություն, խնդիր չի եղել: Ասեմ, որ աղջիկս 4 կգ քաշ և 52 սմ հասակ ունի: Հավանաբար, մեկ-երկու օրից նրանց տուն կտանեմ»,- մանրամասնեց նա:
Թեև ծնողները բժշկուհու խոսքով փոքրիկին սպասում էին ՀՀ անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, սակայն վերջինս անակնկալ մատուցեց. «Շատ ավելի լավ, որ 22-ին ծնվեց, մենք իրար հետևից երկու տոն ունեցանք»:
Ի դեպ, Արտավազդի և Մարիամի դստրիկը կրում է հայրական տատիկի անունը՝ Օվսաննա: Նրա ծնվելու պահին ընդունարանում անհամբերությամբ սպասում էր ոչ միայն հայրը, այլև տատիկ-պապիկը, հարազատները: Առաջին զգացողությունը չափազանց բուռն էր: «Չեմ կարող նկարագրել, թե ինչ զգացողություն ունեի, մի տեսակ սառած վիճակ էր: Ճիշտն ասած՝ դեռ խելքի չեմ գալիս: Ամեն պահ ուզում եմ իր հետ անցկացնեմ: Նրան արդեն մի քանի անգամ տեսել եմ: Ամբողջ գիշեր այստեղ եմ անցկացրել, չեմ կարողացել քնել: Քո սեփականությունն ես համարում, ուզում ես անընդհատ կողքին լինել: Հիմա կամաց-կամաց գիտակցում եմ և ուրախությանս չափ ու սահման չկա»,-անկեցծացավ Արտավազդը:
Բոլոր ծնողների պես նրանք էլ արդեն պատրաստել են երեխայի առանձին անկյունը, որը, արտավազդի վստահեցմամբ, շատ գեղեցիկ ու հարմարավետ է. «Դեռևս մի 10 օր առաջ ամեն ինչ արդեն պատրաստ էր: Իհարկե, մի մասն ինձ հետ բերել եմ Միացյալ Նահանգներից, մյուս մասն էլ այստեղ՝ Մարիամի հետ միասին պատրաստեցինք»:
Արտավազդ Ամիրյանը խոստովանեց, որ Մարիամ Ամիրյանին գեղեցիկ անակնկալներ են սպասվում, բայց արդեն տանը: