23/09/2015 14:41
Ն․ Ծատուրյան. Ամբոխի ճաշակն ու կարծիքը չի կարելի վերցնել որպես չափանիշ
Մենք լրիվ կորցրել ենք մեր չափանիշները: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը՝ խոսելով Արմենչիկին շնորհված ՀՀ վաստակավոր արտիստի կոչման մասին:
Ն. Ծատուրյանը դեմ չէ կոչումներին, կարծում է, որ դրանք ցույց են տալիս՝ ծառայությունները որոշակի ձևով գնահատվում են:
«Ցավոք, որ Արմենչիկի փաստը մթագնեց մյուսների կոչումների շնորհավորումները»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ամեն տարի Անկախության օրը իրեն հրավիրում էին նախագահական նստավայր, իսկ այս տարի չեն հրավիրել:
Անդրադառնալով Ռոբերտ Ամիրխանյանի արտահայտած այն տեսակետին, որ գուցե կոչումը տրվել է, որպեսզի Արմենչիկը և նրա նման երգիչները հայրենիք վերադառանան, Ն. Ծատուրյանը նշեց, որ ինքն ամեն ինչ անում է, որ չվերադառնա, իսկ Ռոբերտ Ամիրխանյանին խորհուրդ տվեց, որ ինքը գնա Հայաստանից, բայց Արմենչիկը վերադառնա:
Ն. Ծատուրյանի կարծիքով՝ ամբոխի ճաշակն ու կարծիքը չի կարելի վերցնել որպես չափանիշ: «ՀՀ մշակույթի նախարարությանը կից շատ լուրջ հանձնաժողով պետք է գործիˋ կազմված մտավորականներից, որոնք կզբաղվեն պարգևատրման ցուցակներով»,- ասաց նա: