23/09/2015 19:20
Մեկն, ով ատում էր, սիրում է, մյուսն, ով սիրում էր՝ ատում է. «Բախտաբերի» ռեժիսոր Վահե Սայանը բացում է փակագծերը
Օրեր առաջ ավարտվեց «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Բախտաբեր» հեռուստասերիալը, որն, ըստ մասնագետների, աննախադեպ վարկանիշ է սահմանել սերիալային շուկայում: Բազմաթիվ խոսակցություններ են շրջանառվում սերիալի երկրորդ եթերաշրջանի մասին. շատերը պնդում են, որ այն լինելու է համանուն գեղարվեստական ֆիլմի, շատերն էլ՝ բազմասերիանանոց ֆիլմի տեսքով: Aysor.am-ը թեմայի շուրջ զրուցել է «Բախտաբերի» ռեժիսոր Վահե Սայանի հետ:
-Վահե, «Բախտաբեր» սերիալը բավական մեծ վարկանիշ ուներ. սերիալի այս եթերաշրջանի ավարտից հետո հայտարարեցիք, որ երկրորդ եթերաշրջանը լինելու է գեղարվեստական ֆիլմի տեսքով: Իսկապե՞ս սերիալը չի ունենա ևս մեկ բազմասերիանանոց եթերաշրջան:
-Երկրորդ եթերաշրջան պլանավորվում է: Համենայնդեպս, աշխատանքներ կատարվում են թե́ սցենարային, թե́ ստեղծագործական մասով: Բայց այդ հարցին առավել սպառիչ պատասխան կարող է տալ պրոդյուսերը:
-Իսկ գեղարվեստական ֆիլմն ի՞նչ փուլում է:
-Մենք գրեթե ավարտում են նկարահանումները, հոկտեմբերի սկզբին կինոթատրոններում կլինի ֆիլմի պրեմիերան:
-Սա «Բախտաբեր» սերիալի տրամաբանական շարունակությունն ու ավա՞րտն է, թե՞ սերիալի հիման վրա գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում:
-Այսպես ասեմ, սերիալում մի շարք սյուժետային լուծումներ հեռուստադիտողին անհասկանալի է. ինչո՞ւ այս կամ այն բան այսպես կամ այնպես եղավ: Մենք սցենարային շատ հետաքրքիր լուծումներ ենք գտել, որն էլ ֆիլմի տեսքով ներկայացնելու ենք հեռուստադիտողին: Հերոսների, իրավիճակների հետ կապված բոլոր հարցերը հեռուստադիտողը կգտնի այս ֆիլմում:
-Փաստորեն, սա ոչ թե եթերաշրջանի, այլ ֆիլմի ֆինալն է լինելու:
-Գիտեք, ոչ-ոք չգիտի, թե վաղն ինչ կարող է լինել: Եթե նոր եթերաշրջան չլինի էլ, ապա այս եթերաշրջանը կիսատ չի մնա, ընթացքն ու ֆինալը ներկայացնում ենք ֆիլմի տեսքով: Իսկ եթե լինի, արդեն այլ զարգացումներ կլինեն սերիալում: Չի կարող երկրորդ եթերաշրջանն առաջինից վատը լինել, պետք է ավելի հետաքրքիր լինի, հակառակ դեպքում իմաստ չունի սկսելը: Այդպես ավելի առողջ է:
-Ֆիլմը ներկայացվելու է այնտեղից, որտեղից սերիալն ավարտվե՞ց, թե սերիալը խտացված կերպով կներկայացվի մեկ ֆիլմում:
-Ոչ, սա բոլորովին նոր պատմություն է, հետաքրքիր նոր լուծումներ: Կարծում եմ, շատ հետաքրքիր ֆիլմ է լինելու: Այն կադրը, որով ավարտվեց սերիալը, մի հատված էր ֆիլմից. Ֆիլմում ընթացքող դատավարության սկիզբն էր: Այնպես չի, որ ամբողջ ֆիլմը դատավարության մասին է, դա ուղակի սյուժեներից մեկն է: Ավելի լավ է, գաղտնիքները շատ չբացեմ:
-Բոլո՞ր դերասաններն են սերիալից եկել այստեղ, թե՞ «դուրս մնացած» դերասաններ կան:
-Այո, «Բախտաբերի» դերասանական ամբողջ անձնակազմը ֆիլմում ևս ընդգրկված է: Իսկ դուրս են մնացել միայն այն դերասանները, ովքեր ժամանակին, ըստ սցենարի, ֆիլմից դուրս էին մնացել, «մահացել»:
-Իսկ նոր դերասաններ ավելացե՞լ են:
-Իհարկե, Սամվել Փիլոյանը, Արմեն Մարությանը, Նարեկ Պետրոսյանը… Սակայն հիմնականում մեր սերիալի դերասաններն են, ովքեր շատ ճանաչված ու սիրելի են հանդիսատեսի կողմից:
-Արմանի դերակատար Սարգիս Գրիգորյանը և Դավիթի դերակատար Սոս Ջանիբեկյանը ֆիլմում ներգրավվա՞ծ են: Հատկապես, որ ֆիլմում նշվում է, որ Դավիթը սպանվել է…
-«Բախտաբերն» առանց Սոս ջանիբեկյանի և Սարգիս Գրիգորյանի չի կարող լինել: Մեր հիմնական սյուժետային սխեման դրված է այդ երկուսի և Էթերի Ոսկանյանի վրա: Նրանց շնորհիվ է նախագիծը շատերի կողմից սիրվել:
-Իսկ Մարիամ Ադամյանին և Արշավիր Փանոսյանին կտեսնե՞նք ֆիլմում:
-Արշավիրի կերպարային գիծն ավարտվել է, քանի որ, ըստ սյուժեի, նա մահացել է: Իսկ Մարիամ Ադամյանը կա ֆիլմում:
-հավանաբար հարցս անպատասխան թողնեք. Դավիթի կերպարն իսկապե՞ս ֆիլմում «մահացել» է, թե՞…
-Ես արդեն բավական գաղտնիքներ բացեցի, ավելի լավ է այս հարցին չպատասխանեմ: Հատկապես, որ մի քանի օր հետո հեռուստադիտողը կարող է այն տեսնել մեծ էկրաններին… Միայն կասեմ, որ Դավիթը (Սոս Ջանիբեկյան) ֆիլմում ամբողջական մասնակցություն ունի (ժպտում է):
-Վահե, թեև ասացիք, որ սերիալային նոր եթերաշրջանի մասին դուք իրավասու չեք տեղեկություններ տալու, սակայն, որպես ռեժիսոր, չե՞ք կարծում, որ գեղարվեստական ֆիլմով հանգուցալուծելուց հետո բազմասերիանանոց նոր եթերաշրջանն ավելորդ կլինի և նոր բացահայտումներ չի անի:
-Սա դասական գործ չի, որևէ գրողի գործ չենք վերցրել ու նկարահանել: Հորինված պատմություն է… Նոր եթերաշրջան լինելու դեպքում կլինեն նոր դերասաններ, հին դերասաններից շատերը, նոր պատմություն ու սուր ընթացքներ կլինեն: որքանով էլ այս ֆիլմով սցենարային որոշ գծեր, պատմություններ կստանան իրենց հանգուցալուծումները, բայց հնից պահպանված որոշ թեմաներ կլինեն: Բնականաբար, կերպարների անուններն էլ նույնը կլինեն, տրամադրությունները որոշ չափով նույնը կլինեն: Իհարկե, նաև փոփխություններ կլինեն. Մեկն, ով ատում էր, սիրում է, մյուսն, ով սիրում էր՝ ատում է. լինելու է այն, ինչը հետաքրքրում է մեր հեռուստադիտողին: Մենք աշխատում ենք այսպես. այն թեման, այն տեսարանները, որոնք հեռուստադիտողին, զգում ենք, որ չեն հետաքրքրում, այլևս չենք զարգացնում: Մենք ունենք չափման միավորներ և կարողանում ենք ճշգրիտ որոշում կայացնել, թե սերիայի որ մասի, որ րոպեի ու որ խոսքի վրա է կորուստ եղել: Ունենք չափորոշիչներ, որոնք թույլ են տալիս հասկանալ՝ ինչն է առավել հետաքրքրում հեռուստադիտողին: Ի վերջո սա կոմերցիա է, ցանկանում ենք որ մեր կատարած աշխատանքը հաջողված կոմերցիա լինի: Չէ՞ որ գումար է ծախսվում պրոյեկտը կայացնելու համար: Ցավոք, առավել լուրջ թեմաների կարող էինք անդրադառնալ, բայց զուտ տնտեսագիտական սխեմայով ենք առաջնորդվում. Եթե կա պահանջարկ, ուրեմն կա առաջարկ:
-Ի վերջո, ո՞րն էր «Բախտաբեր գեղարվեստական ֆիլմ նկարահանելու իրական նպատակը. կոմերցիոն նպատակներից ելնելով, կամ` գուցե դաշտում տարբերվելո՞ւ միտում կար.... Վահե, նաև կցանկանայի հետևյալ հարցիս պատասխանեք. նրանք, ովքեր սերիալին չեն հետևել, արդյոք ֆիլմը դիտելիս կհասկանան՝ ինչի մասին է խոսքը:
-Ուղղակի սա նորույթ էր՝ ֆինալը տալ գեղարվեստական ֆիլմի տեսքով: Իսկ այն մարդիկ, ովքեր չեն նայել սերիալը, կկարողանան երկու ժամ կինոթատրոնում անցկացնելով՝ պատկերացում ստանալ «Բախտաբերի» մասին: այնպես որ, սա կորմերցիոն հստակ նպատակ չունի, պարզապես փորձում է հետաքրքրվողներին 2 ժամի ընթացքում հասու դարձնել իրադարձություններին: Որպես ռեժիսոր նշեմ, որ առհասարակ, երբ նոր ֆիլմ ես սկսում, բավական ծավալուն նախնական աշխատանք պետք է տանես՝ մինչ նկարահնումները սկսելը: Երեք-չորս ամիս կերպարներին ես ուսումնասիրում, դերասաններին ընտրում, նախապատրաստվում: Քանի որ մեզ մոտ ամեն ինչ պարզ էր՝ կային կերպարներ, ասելիք, սցենար` գործը կիսվել էր, ինչը հեշտացնում է աշխատանքդ:
- Ֆիլմը կունենա՞ նոր սաունդթրեյք:
-Այո, ֆիլմը կունենա իր սաունդրեյքը, բոլորովին նոր ձեռագիր, ֆորմատ… Մենք ֆիլմին մի քիչ այլ մոտեցում ենք ցուցաբերել...