23/09/2015 15:35
Թուրք երգչուհի. Ես ընդունում եմ Հայոց ցեղասպանությունը
Ես ընդունում եմ Հայոց ցեղասպանությունը և կարևորում այդ թեմայի առնչությամբ քննարկումները։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց գերմանաբնակ թուրք երգչուհի Լեման Շտեհնը:
Անդրադառնալով Թուրքիայի քաղաքականությանը՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու վերաբերյալ, նա նշեց.
«Ես մեծացել եմ Գերմանիայում և դաստիարակվել այնտեղի կառավարության ոգով, որն ընդունում է ցեղասպանությունները։ Ես իմ նպատակն եմ համարում բարձրաձայնել այս մասին, որպեսզի մեր երկրները համագործակցեն։ Պետք է լինենք ճշմարտության կողմը»։
Նրա խոսքով՝ ինքը ուսման տարիներից ունեցել է շատ հայ ընկերներ, որոնք էլ իրեն ծանոթացրել են հայկական երաժշտությանը:
«Իմ սովորելու տարիներին ծանոթացել եմ շատ հայերի հետ։ Նրանցից մեկը՝ Գևորգ Դավիդյանը, այժմ Ստամբուլի պետական օպերային թատրոնի տնօրենն է։ Նրա հետ փոքր երգչախումբ էինք հիմնել և հայերեն երգեր էինք կատարում։ Հենց այդ ժամանակվանից ես սիրահարվեցի հայկական երգերին: Ես ինձ երջանիկ եմ համարում, որ ունեմ հայ ընկերներ»,- ասաց նա:
Երգչուհու հավաստմամբ՝ ինքը Թուրքիայում կատարել է հայկական երգեր և դրա համար արժանացել թե' գովասանքի, թե' վատ արձագանքների, բայց դրանց ուշադրություն չի դարձրել:
Նա ասաց, որ թեև իր նախնիների մեջ եղել են քրիստոնյաներ, սակայն ինքը իրեն թուրք է համարում, թեև եկեղեցում երգում է քրիստոեական երգեր և մեծացել է քրիստոնյաների շրջապատում:
Հանդիպման վերջում թուրք երգչուհին կատարեց «Սարի աղջիկ» երգը։