24/09/2015 16:40
Մեկնարկում է «Հայ Ֆեստ» միջազգային թատերական 13-րդ փառատոնը
«Զգացողությունների թանգարան» խորագրով Երևանում հոկտեմբերի 1-8 կմեկնարկի «Հայ Ֆեստ» միջազգային թատերական 13-րդ փառատոնը: Այս տարի թատերական փառատոնին կհյուրընկալվեն 26 երկրների 250 մասնակիցներ և հյուրեր: 7 օրում` 75 ներկայացում: Փառատոնի նշանավոր ներկայացումներից կլինեն Օսկարաս Կորշունովասի թատրոնի «Հատակում»-ը (Լիտվա), Շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնի «Համլետ»-ը (Մեծ Բրիտանիա), «Գիբնի դանս» պարային խմբի «Հատող գիծ»-ը (ԱՄՆ):
«Հանդիսատեսը կդիտի բազմաժանր ներկայացումներ, կստանա մեծագույն բավականություն: «Հայ Ֆեստի» նվաճումներից մեկն այն է, որ մենք ունենք տարեցտարի զարգացող հայկական ծրագիր: Հայկական ներկայացումների որակը բարձրանում է: Եթե նախորդ տարիներին ունեինք 1-2, ապա այս տարի ունենք 4-5 եվրոպական կարգի հայկական ներկայացում»,-լրագրողների հետ զրույցում ասաց «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյան:
«Հայ Ֆեստի» հիմնական ծրագրում հանդես կգան Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական, Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Փոքր» և «Միհր» թատրոնները: Ուսանողական ծրագրում այս տարի էլ «Հայ Ֆեստը» ուսանողներին հնարավորություն կտա ներկայացնելու իրենց աշխատանքները:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվող «Հայ Ֆեստ» միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ավստրիայից, Ֆինլանդիայից, Շվեդիայից, Շվեցարիայից, Կանադայից, Լեհաստանից, Լեբանոնից, Իսրայելից, Լիտվայից, Հունգարիայից, Գերմանիայից, Չեխիայից, Նորվեգիայից, Հունաստանից, Էստոնիայից, Սերբիայից, Ղազախստանից, Բանգլադեշից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից: