25/09/2015 20:30
Ինչի՞ արդյունքում է հերոսուհին սպանության մեղադրանքով կանգնել դատարանի առջև. «Բախտաբեր» սերիալի պրոդյուսեր Էդգար Ավագյանի «բացահայտումը»
«Բախտաբեր» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի անհասկանալի ավարտն ու երկրորդ եթերաշրջանի՝ շատերի համար անհեթեթ ֆորմատը բազում խոսակցությունների և քննարկումների առիթ է դարձել: Սերիալով հետաքրքրված հեռուստադիտողի համար գեղարվեստական ֆիլմով սերիալը եզրափակելու տարբերակը այնքան էլ ընդունելի չէ, հատկապես, որ ֆիլմը լինելու է մեծ էկրաններին:
Օրեր առաջ Aysor.am-ը թեմային առընչվող շատ հարցերի պատասխաններ ստցավ ռեժիսոր Վահե Սայանից: Իսկ ինչ վերաբերում էր «Բախտաբերի» սերիալային նոր եթերաշրջանին, վերջինս խորհուրդ տվեց հստակեցնել պրոդյուսեր Էդգար Ավագյանի հետ:
«Մեր ծրագրավորմամբ՝ նախատեսում ենք երկրորդ եթերաշրջանը վերսկսել, պարզապես ժամանակի հստակեցման խնդիր ունենք: Աշխատանքային խումբը մի քիչ գերհոգնած է: Ֆիլմից հետո մի փոքր կհանգստանանք, այնուհետև ստեղծագործական խմբով երկրորդ եթերաշրջանի ընթացքը կքննարկենք: Հավանաբար, հոկտեմբերի վերջին կվերսկսենք աշխատանքները»,-մեկնաբանեց պրոդյուսերը:
«Բախտաբեր» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան կլինի հոկտեմբերի 1-ին կամ 3-ին: Մեր այն հարցին, թե ի՞նչ պատմություն է ներկայացվելու գեղարվեստական ֆիլմում և արդյոք այն լինելու է տրամաբանական շարունակությունը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Գործողությունները ծավալվելու են մեկ տարվա կտրվածքով: Վերջին սերիայի վերջին կադրը՝ 5 րոպե, արդեն իսկ ֆիլմից էր վերցված: Եթե հեռուստադիտողը կհիշի, սերիալում նշվեց «1 տարի անց» և նոր եղավ ֆիլմից կադրը: Այս ֆիլմում ներկայացվելու է հենց այդ մեկ տարվա պատմությունը, և պարզ կդառնա, թե ինչի արդյունքում է մեր հերոսուհին կանգնել դատարանի առջև՝ գլխավոր հերոս Դավիթի սպանության մեղադրանքով: Նաև, սերիալում շատ է խոսվել Մարիամի երեխայի մասին, որը պետք է լույս աշխարհ գար… Այս բոլոր գաղտնիքները կգաղտնազերծվեն գեղարվեստական ֆիլմում»:
«Բախտաբեր» գեղարվեստական ֆիլմը կլինի նաև հեռուստաէկրաններին, բայց ոչ անմիջապես: «Իհարկե, հեռուստատեսությամբ ֆիլմը կցուցադրվի: Սակայն սկզբնական շրջանում հանդիսատեսն այն դիտելու հնարավորություն կունենա կինոթատրոններում, որից հետո նոր հեռուստաէկրաններին, ինչպես որ լնում է նկարահանվող բոլոր գեղարվեստական ֆիլմերի դեպքում»,-եզրափակեց Էդգար Ավագյանը: