25/09/2015 20:03
Որպես նորափեսա՝ սա արդեն իմ երրորդ փորձն է... Կարեն Ասլանյանը նոր կերպարի մասին
Օրեր առաջ համացանցը հեղեղվեց դերասան Կարեն Ասլանյանի հարսանեկան լուսանկարներով: Շատերը վստահեցնում էին, որ Կարենն ամուսնացել է, շատերն էլ պնդում էին, որ դրանք կադրեր են հերթական սերիալից կամ տեսահոլովակից: Aysor.am-ը հարցի պատասխանը որոշեց ստանալ անձամբ Կարենից: «Դրանք կադրեր են երգիչ Գևորգ Մարտիրոսյանի նոր տեսահոլովակից: Երգը հարսի և փեսայի մասին է: Տեսահոլովակի ռեժիսորն Արսեն Երեմյանն է, շատ գեղեցիկ ու հետաքրքիր տեսահոլովակ է ստացվել, որում ես մարմնավորում եմ փեսային, Մարինկա Խաչատրյանը՝ հարսին: Ի դեպ, որպես նորափեսա՝ սա արդեն իմ երրորդ փորձն է՝ ֆիլմերից և հոլովակներից»,-ժպիտով մանրամասնեց Կ. Ասլանյանը:
Մեր զրուցակիցը նշեց, որ տեսահոլովակի նկարահանման ընթացքն անցել է բավական պրոֆեսիոնալ, մթնոլորտն էլ եղել է տրամադրող ու հետաքրքիր. «Իմ մարմնավորմամբ, կարծում եմ, շատ հետաքրքիր և ավելի հումորային տարրերով կերպար ստացվեց: Ընդհանրապես, այս տեսահոլովակը բովանդակալից սցենարային գիծ ունի: Այն նման է փոքրիկ ֆիլմի՝ կոմեդիայի և մելոդրամայի ժանրում»:
Մեր այն հարցին, թե որքանո՞վ և ինչո՞վ են միմյանցից տարբերվում ֆիլմերի և տեսահոլովակների նկարահանման ընթացքները, սերիալային հարուստ փորձ ունեցող դերասանը մեկնաբանեց. «Տեսահոլովակը փոքրիկ մի պատմություն է, որտեղ շեշտն ավելի շատ դրվում է միմիկաների, ժեստերի վրա»:
Ի դեպ, Կարեն Ասլանյանն այս ընթացքում նկարահանվում է Դիանա Գրիգորյանի «Առաջնորդները» հեռուստասերիալում: Սակայն այդ մասին դերասանը մանրամասնել չցանկացած՝ խոստանալով նոր կերպարին ու գործունեությանը անդրադառնալ առաջիկայում: