25/09/2015 12:55
Պարզվում է` Շարմազանովը միտք էլ կարող է արտահայտել. Զուրաբյան
Երկնքում որքան աստղա կա, այնքան անգամ Շարմազանովը մեզ փորձել է թաղել: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը` մեկնաբանելով նախօրեն ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակի հայտարարությունը:
«Թույլ տվեք չառաջնորդվել Շարմազանովի գնահատականներով… պարզվում է` նա միտք էլ կարող է արտահայտել, այն էլ Կոնգրեսի մասին», -ասաց նա:
«Պետք չէ հավատալ Շարմազանովի, կներեք, հալյուցինացիաներին: Իսկ ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի մտքերին, ապա դրանք արտահայտված են նրա գրքերում»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀԿ ԳՄ նիստից հետո Է. Շարմազանով, անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարությանը, թե «սա սահմանադրական բարեփոխում չէ, սա Սահմանադրության փոփոխություն է, որով քանդում են պետության հիմքերը», ասել էր. «Ցանկացած նախագահի, այդ թվում՝ առաջին նախագահի կարծիքները կարդում ենք: Նա, ինչքան էլ որոշ մարդկանց համար ցանկալի չլինի, ընդունեց իր քաղաքական թիմի ֆիասկոն, որովհետև տարիներ առաջ, երբ առաջին նախագահը ձևավորեց ՀԱԿ խմբակցությունը և ցուցակ գրեց, 7 հոգանոց խմբակցություն էր, բայց այս հարցազրույցի մեջ այդ 7 հոգուց ընդամենը 4-ի անունն էր տալիս: Այսինքն՝ ինքն ընդունում է, որ իր ձևավորած 7 հոգանոց թիմի 3-ն արդեն իր հետ չեն կամ իր կարծիքը չեն կիսում, իսկ դա քաղաքական բառապաշարով կոչվում է՝ ֆի-աս-կո»: