25/09/2015 12:41
Լ. Զուրաբյանը` ՀՀԿ-ականների «հորթային հրճվանքի» մասին
«Հորթային հրճվանք». ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ահա այսպես որակեց ՀՀԿ-ականների այն պնդումները, թե ՀԱԿ-ը ևս մտավ Սահմանադրության շուրջ բովանդակային քննարկումների մեջ: ԱԺ ճեպազրույցներում նա բացատրեց, թե ինչ ասել է բովանդակային քննարկում ու ինչ է իրականում տեղի ունեցել.
«Բովանդակային քննարկում կլիներ, եթե մենք քննարկեինք դրույթները և դրանց վերաբերյալ անեինք առաջարկներ` հույս ունենալով, որ դրանք կփոխվեն: Մենք երբեք նման նպատակ չենք հետապնդել և ոչ մի բովանդակային քննարկման մեջ չենք մտել, այլ ընդամենը օգտագործել ենք իրենց բերած Սահմանադրության բովանդակությունը, որպեսզի ապացուցենք, որ ամենն արվում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շարունակության համար»:
Լևոն Զուրաբյանն ասաց, որ ՀԱԿ-ը ուղղակի մտել է հիմնավոր ապացույցներ ներկայացնելու դաշտ.
«Եթե այդ ամենից հրճվում են, թող հրճվեն: Բայց մեր նպատակը այլ էր»:
Իսկ եթե խմբակցության առանձին անհատներ իրենց որոշմանը չեն հետևում, ապա, ասաց Լ.Զուրաբյանը, դա մտնում է ՀԱԿ խմբակցության ժողովրդավարական սկզբունքների մեջ: Սա ասվեց ի պատասխան այն դիտարկման, որ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը բովանդակային քննարկումների մեջ այդուհանդերձ մտել է:
«Խմբակցությունը միանշանակ որոշում ունի, որ մերժում է այս ոչ թե սահմանադրական բարեփոխումների, այլ Սերժ Սարգսյանի արկածախնդրության գործընթացին»,- հավելեց նա: