28/09/2015 20:24
Երևանյան մենահամերգս անպայման կկայանա ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին. Հարութ Փամբուկչյան
Օրեր առաջ Հայաստանի Հանրապետության Վաստակավոր արտիստի կոչմանն արժանացավ նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ ժողովրդին առավել քաջածանոթ Ձախ Հարութը: Aysor.am-ը շնորհավորելով երգչին՝ նրա հետ զրուցեց զգացողությունների, գնահատված լինելու և Հայաստանում կայանալիք առաջիկա մենահամերգի մասին:
-Պարոն Փամբուկչյան, նախ շնորհավորում եմ վաստակավոր արտիստի կոչմանն արժանանալու կապակցությամբ: Ինչպիսի՞ն են զգացողությունները, ի՞նչ է տալիս կոչումն առանց այդ էլ ժողովրդի սերն ու համակրանքը վայելող արտիստին:
-Ես ունեմ ամենակարևորը՝ ժողովրդի սերը, և այս կոչումներն ինձ այնքան էլ շատ չեն հուզում… Բայց, ամեն դեպքում, չեմ ժխտի ու կասեմ, որ ցանկացած արվեստագետ սիրում է գնահատված լինել ցանկացած մակարդակով: Երբ Կիլիկիայի Արամ Ա կաթողիկոսն ինձ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանը շնորհեց, ես դրանից էլ շատ ուրախացա: Բայց հայրենիքում, որտեղ ծնվել մեծացել եմ, երկար տարիներ հետո արժանանալ նման պարգևի՝ շատ ոգևորիչ է: Ճիշտ է, ժողովուրդն արդեն ինձ իր սիրով պարգևատրել է, բայց սուտ ասած կլինեմ, եթե ասեմ, որ պետական, կառավարական մակարդակով գնահատվելն ինձ չի ուրախացնում: Այնպես որ, իմ վաստակած դափնիներով և ուրախությամբ մեկնելու եմ:
-Հայաստան մենա՞կ էիք եկել:
-Ոչ, տղայիս հետ եմ եկել: Այս անգամ գալուս նպատակն այլ էր. Մոսկվայում՝ Կրեմլի համերգասրահում, հոկտեմբերի 2-ին, 3-ին և 4-ին համերգներ ունեմ: Եկա Հայաստան, որովհետև ինձ նվագակցող խումբը Երևանում է, պետք է փորձեր անեինք, ծրագիրը պատրաստեինք:
-Դուք ԱՄՆ-ում եք ապրում: Ինչպե՞ս է, որ այնտեղ նվագախումբ չունեք:
-Իհարկե, այնտեղ նվագախումբ ունեմ, որում ընդգրկված են հրաշալի երաժիշտներ: Պարզապես կարծում եմ, որ այժմ ինձ տարբեր նվագակցություն է պետք, այդ պատճառով եմ այստեղի նվագախմբի հետ համագործակցում:
-Ի դեպ, մեր մոսկվայաբնակ հայրենակիցներն ասում են, որ ամբողջ Մոսկվան պատված է Ձեր նկարներով և համերգային պաստառներով: Մի՞շտ են մարդիկ Ձեզ սիրով ընդունում:
-Ես էլ եմ այդ մասին լսել: Այո, ինձ ամենուր միշտ սիրով են ընդունել, այն էլ այն դեպքում, որ Վաստակավոր արտիստի կոչում չունեի: Պատկերացնո՞ւմ եք ինչ կլինի սրանից հետո, երբ արդեն այդ կոչումն ունեմ (ժպտում է):
-Վերադառնանք թեմային. շա՞տ շնորհավորանքներ ստացաք, ինչպե՞ս նշեցիք առիթը: Ո՞ւմ հետ եք առաջինը կիսել Ձեր ուրախությունը:
-Գիտե՞ք, որ շնորհավորանքներն են ինձ ուրախացնում. երբ փողոցում քայլելիս ինձ են մոտենում անծանոթ, սովորական մարդիկ ու շնորհավորում, ջերմ խոսքեր ասում: Ինձ շնորհավորել են նաև իմ բոլոր կոլեգաները, երգիչ-երգչուհիները: Այնպես որ, շատ զգացված և ուրախ եմ, որ այս կոչումը շնորհվեց ինձ: Ինչ վերաբերում է նշելուն, ապա ասեմ, որ Հայաստանում լինելուս օրերին ամեն օր մի տեղ էինք գնում, հետաքրքիր օր անցկացնում ընկերներիս հետ: Այնպես չէր, որ նպատակը հենց այդ առիթը նշելն էր, բայց միշտ բոլորը սեղանի շուրջ շնորհավորում էին: Երբ մեկնեմ Միացյալ Նահանգներ, հավանաբար, այնտեղ էլ ընկերներիս հետ կնշեմ: Ասեմ, որ երբ կոչումը հանձնում էին, ես Հայաստանում չէի և չկարողացա ներկա գտնվել նախագահի հետ հանդիպման ընդունելությանը: Ես երեկոյան ժամը 20:00-ին հասա Հայաստան:
-Շատերն արձագանքում են, որ Ձեր՝ վաստակավորի կոչումը նույնիսկ ուշացել է: Դուք արդեն իսկ սպասո՞ւմ եք ժողովրդական արտիստի կոչմանը:
-Իսկապես, շատ-շատերն ինձ ասում էին, որ սա իզուր տեղը Ձեզ տվեցին, պետք է միանգամից ժողովրդական արտիստի կոչում տային (ծիծաղում է)… Ես չեմ սիրում ամպագոռգոռ արտահայտություններ անել, այնպիսի մարդ եմ, ով Աստծո տվածով բավարարվում է: Բայց եթե սա տվել են, նշանակում է, մյուսն էլ չի ուշանա. Եթե տվեցին՝ կուրախանամ, եթե ոչ, դա ինձ չի խանգարի, քանի որ ես արդեն ունեմ ժողովրդի սերը…
-Արվեստագետները նմանատիպ գնահատականներից ավելի են ոգևորվում: Ուժ են ստանում՝ սկսելու մի նոր գործ, ստեղծագործություն: Նման ոգևորություն զգո՞ւմ եք:
-Դեռ այս կոչումը չստացած՝ արդեն իսկ սկսել եմ նոր գործերի վրա աշխատել: Ձայնագրվել եմ նոր երգեր, որոնց համար նաև տեսահոլովակներ պետք է նկարահանենք: Շուտով դրանք կլսեք ու կտեսնեք:
-Արդեն որպես Հայաստանի հանրապետության Վաստակավոր արտիստ՝ չե՞ք մտածում երևանյան մենահամերգի մասին:
-Մինչ այս, սկսել էինք այդ ուղղությամբ աշխատանքները: Երևանյան մենահամերգս անպայման կկայանա ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին: Կարծում եմ, նույնսկ ուշացրել ենք այս համերգը:
-Սիրով կսպասենք… Պարոն Փամբուկչյան, սիրված և ճանաչված լինելն ունի նաև իր բացասական կողմերը: Կարողանո՞ւմ եք հանգիստ զբոսնել Երևանի փողոցներում:
-Ես շատ եմ սիրում քայլել Երևանում: Մի քանի օր առաջ տղայիս հետ զբոսնում էինք, ամեն քայլափոխի մոտենում, նկարվում էին մեզ հետ: Շատերն ասում են, թե ժողովրդի սերը մեզ խանգարում է, անհանգստացնում է… Ոչ, որևէ բան Երևանում չի խանգարում, փողոցում կանգնած ամենապարզ մարդու հետ էլ ես սիրով զրուցում ու նկարվում եմ: Դա հենց այն սերն է, որը գալիս է ճանաչման հետ միասին: Որքան ժողովուրդը սեր է տածում քո հանդեպ, այնքան պարտավոր ես հարգել նրան: Չէ՞ որ մարդը գնահատում է քո արվեստը, սիրում ու հարգում է քեզ: Դու էլ պարտավոր ես նրան լսելու, զրուցելու, նկարվելու, շփվելու..
-Դուք առանց այդ էլ դասվում եք «թանկարժեք» երգիչների թվին. Հետաքրքիր է, քանի որ արդեն ունեք նաև Վաստակավոր արտիստի կոչում, այսուհետ այս կամ այն միջոցառմանը Ձեր ներկայությունն առավե՞լ թանկ հաճույք կդառնա:
-Չեմ կարծում (ժպտում է): Ես սխալ մոտեցում եմ համարում, երբ մարդը նմանատիպ կոչումն օգտագործում է իր ֆինանսական վիճակը բարելավելու նպատակով: Նա ինձ համար սխալ մարդ է: Ես այն եմ, ինչ կամ, և պետք է աշխատեմ պահել այն, ինչ որ եմ: Ինչ որ ունեմ հիմա, արդեն իսկ բավական է ինձ: Խոստովանեմ, որ ապահովված եմ ֆինանսապես: Ֆինանսական կողմն ինձ համար արդեն երկրորդական-երրորդական բան է: Այնպես որ, ամեն-ինչ կմնա նույնը: Կշարունակեմ աշխատել, մաքուր ու առաքինի մնալ իմ ժողովրդի և իմ ընտանիքի առջև:
-Մոսկվայից ե՞րբ եք մեկնելու Միացյալ Նահանգներ:
-Ամսի 6-ին:
-Մինչև մենահամերգը՝ գարնան վերջ, Ձեզ Հայաստանում հանդիպելու առիթ կրկին կունենա՞նք:
-Գիտեք, ես նախընտրում եմ Հայաստան այցելել առանց որևէ առիթի: Այս անգամ, ճիշտ է, եկել էի նվագախմբի հետ ծրագիրը հստակեցնելու համար, բայց մինչև նոր տարի պատրաստվում եմ մեկ անգամ ևս այցելել: Ուզում եմ ուղեղս չծանրաբեռնել, ուղղակի շրջել, պտտվել իմ երկրում, հանդիպել ընկերներիս հետ:
-Պարոն ՓԱմբուկչյան, մեր զրույցի եզրափակումը ուզում եմ Ձեզ վստահել…
-Լավ էլ անում եք (ծիծաղում է): Իմ ժողովրդին ցանկանում եմ բարեկեցություն: Գիտեմ, որ երկրի ներսում տարբեր տնտեսական և այլ խնդիրներ ունենք: Ես չեմ սիրում քաղաքականությամբ զբաղվել, բայց կամա, թե ակամա տեղյակ ես լինում այս բոլոր խնդիրներին: Ուզում եմ, որ բոլոր խնդիրները շուտափույթ լուծվեն, իմ ժողովրդին տեսնեմ լավ, տնտեսապես առողջ, հոգեպես առույգ և ուրախ: Ձեզ էլ շնորհակալ եմ այս շահեկան զրույցի համար: Սա էլ մի կապ է իմ ժողովրդի հետ: