29/09/2015 16:05
«Գրական տապանի» արդյունքները ամփոփվեցին
Այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտում «Գրական Տապան 2015» միջազգային ամենամյա փառատոնի արդյունքների ամփոփումն էր: Փառատոնի ընթացքում կազմակերպվել էին գրական ընթերցումներ, շնորհանդեսներ, այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր:
Արձակագիր, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը առանձնացրեց Ծաղկաձորում տեղի ունեցած քննարկումը, որին մասնակցող յուրաքանչյուր գրող ելույթի ժամանակ ստեղծում էր իր երկրում տեղի ունեցող գործընթացների ամփոփ և հետաքրքրիր պատկեր:
«Գրական տապան» փառատոնը մեր գրողների մասին հանրությանը հիշեցնելու հիանալի միջոց է: Կարծում եմ՝ գրական ընթերցումներն ավելի շատ պետք է լինեն, չեմ կարծում, որ հայ ընթերցողը 10 էջ լսելու համբերություն չի ունենա»,- ասաց Վ. Մարտիրոսյանը:
Բանաստեղծ Մանե Գրիգորյանի խոսքով՝ բանաստեղծությունների ընթերցումներից բացի, հայ և օտարազգի գրողները փոխանակվել են կոնտակտներով, իրար նոր ծրագրեր և գաղափարներ առաջարկել: