29/09/2015 10:23
Երևանում Շառլ Ազնավուրի համերգի տոմսերը կվաճառվեն սահմանափակ թվով
Հոկտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի երևանյան համերգի տոմսերը վաճառվելու են սահմանափակ թվով: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց համերգի կազմակերպիչ «Երևանյան հեռանկարներ» փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ այս միջոցառման կազմակերպիչը Արտաքին գործերի նախարարությունն է, որն անցկացվում է ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի առիթով, «Երևանյան հեռանկարներ» փառատոնը համերգի կազմակերպիչն է:
«Համերգին պետք է ներկա լինեն համաժողովի բոլոր հյուրերը, ում կբաժանվի հրավիրատոմս, իսկ դահլիճի կեսի տոմսերը վաճառվելու են: Այդ իսկ պատճառով սահմանափակ են վաճառվող տոմսերի քանակը»,- ասաց Ս. Հովհաննիսյանը:
Տոմսերի վաճառքը սկսվելու է սեպտեմբերի 30-ից: Արժեքը՝ 30-60 հազար դրամ:
Ս. Հովհաննիսյանի խոսքով՝ սա բացատրվում է նրանով, որ շատ ծախսատար համերգ է և արվում է առանց հովանավորի: «Չորս տոննա տեխնիկա է բերվում Ֆրանսիայից՝ ինքնաթիռով: Այսօրվանից սկսվել են այդ աշխատանքները»,- ասաց նա:
Ս. Հովհաննիսյանը նաև նշեց, որ շատ թափանցիկ վաճառք է լինելու և ի տարբերություն անցած տարիների, երբ ասում էին՝ կա 10 հազար դրամանոց տոմս, բայց հնարավոր չէր գտնել, այժմ իրականում կլինեն 30 հազար դրամանոց տոմսեր, որոնք կարելի է գնել տոմսարկղից: