30/09/2015 16:07
Փոխքաղաքապետ. Մենք իրավունք չունենք նվիրատուների կոնկրետ նպատակի համար տրված գումարը տալ մեկ այլ նպատակի
Հոկտեմբերի 10-ից 11-ը Երևանում կանցկացվի «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարությունը՝ գունեղ, մշակութային և տոնական ծրագրերով լեցուն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:
Նրա խոսքով՝ միջոցառմանը իրենք սկսել են նախապատրաստվել դեռևս երեք ամիս առաջ, դրանք արդեն ավարտման փուլում են:
«Տոնակատարության ծրագրերին հատկացված բյուջեն, ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի, 130 մլն դրամ է: Ծախսերում բացի այդ կան նաև նվիրատվություններ, բայց դրա չափը այս պահին չենք կարող հրապարակել։ Ինչ վերաբերում է քննարկվող հարցերին, ապա Երևան համայնքը իր լիազորություններն ունի կոնկրետ սահմանված օրենքով, և մենք իրավունք չունենք նվիրատուների կոնկրետ նպատակի համար տրված գումարը տալ մեկ այլ նպատակի: Որքան էլ բոլորի համար հարցը այդ մտահոգիչ լինի, այդուհանդերձ, այն քաղաքի սահմաններից դուրս է»,-ասաց նա:
Ա. Սուքիասյանի խոսքով, թեև Երևանի քաղաքապետարանին կոչ են անում բարեգործություն անել, բայց նա դրա իրավունքը չունի:
Ա. Սուքիասյանը նշեց, որ ավանդական դարձած ծրագրում կլինեն որոշ փոփոխություններ և ջազի, ռոքի բեմահարթակներից բացի կլինեն նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Տոնական օրերին Երևան կգան 20 պատվիրակություններ, ավելի քան 60 հոգով:
«Բուն միջոցառումը կսկսվի «Երևանում տոն է» ծրագրով: Հաջորդող օրը ավանդական միջոցառումներ կլինեն, որոնք կմեկնարկեն ջրցան մեքենաներով, կլինի հուշարձանների լվացում և այլն: Պաշտոնական միջոցառումը կլինի հոկտեմբերի 11-ին՝ քաղաքապետարանի դիմաց»,- նշեց նա:
Փոխքաղաքապետը նաև ասաց, որ հոկտեմբերի 1-ից կմեկնարկեն նաև սոցիալական ծրագրերը, որոնց ընթացքում սոցիալական խնդիրներ ունեցող 2797 ընտանիքների նվերներ կտրվեն։