30/09/2015 19:38
Ժամանակն է՝ մեր մշակույթը ծանոթ, փեսա, քավոր հարաբերություններից տեղափոխել ԱՐԺԵՔ, ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ, ՎԵՀ, ՀԻԱՑՄՈՒՆՔ արժեհամակարգ. Արմեն Մարգարյան
Արվեստագետի համար չկա առավել սարսափելի զգացում, քան այն, երբ համապատասխան կառույցի կողմից կողքիդ գնահատվում են այդ ոլորտի հետ ոչ մի էական առնչություն չունեցող մարդիկ: Երբ շոուն և բիզնեսը միախառնվում և «առնում» են այն, ինչը կոչվում է մշակույթ… Օրեր առաջ նմանատիպ օրինակ եղավ, ինչը չվրիպեց ոչ արվեստագետների, ոչ էլ արվեստասերների աչքից: Aysor.am-ը թեմայի շուրջ զրուցել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արմեն Մարգարյանի հետ:
-Արմեն մի քանի օր առաջ շնորհեցին հերթական կոչումները: Ինչպե՞ս եք վերաբերում այս պարգևատրմանը, հատկապես, որ վերջին շրջանում անկանխատեսելի են հավակնորդները: Դա Ձեզ որպես արվեստագետի մտահոգո՞ւմ է:
-Այո, իհարկե մտահոգում է, հատկապես, երբ կոչում են ստանում նրանք, ովքեր զարմանալիորեն չեն համընկնում այդ վաստակը իրապես կրելու չափանիշներին: Այստեղ շատ կարևոր է նախ և առաջ հասկանալ, թե ինչպիսի արժեհամակարգով են կոչումներ շնորհելու պարագայում առաջնորդվում այդ ոլորտը ներկայացնող անձինք: Մեզ պետք է հասկանալ, թե ինչպիսի՞ կենսագրություն և գործունեություն պետք է ունենա այդ կոչումներին արժանացող անհատը: Մինչև այս ամենը չհստակեցվի, ոչինչ չի փոխվի և գնալով այդ՝ Ձեր ասած «անկանխատեսիլների» շարքը կմեծանա: Եթե «հայրենիքի հանդեպ ծառայություն», «հայրենանվեր աշխատանք», «ազգային մշակութային և գեղարվեստալան արժեքներ», «գեղագիտական ճաշակ», «մշակութային ժառանգություն և դաստիարակություն» բառակապակցություններն ու դրանց գաղափարական ընկալումը տեղ պիտի չունենա այս պարգևների հիմքում, ուրեմն այն, ինչ տեսնում ենք այսօր, կհամարվի «օրինաչափ»: Ցավոք այս օրինաչափություն կոչվածը շուտով կզրկի մեզ մեր ազգային նկարագրից և կվերածի արժեզրկված ամբոխի:
-Դուք, լինելով վաստակաշատ դերսան, վաստակավոր արտիստի կոչում չունեք: Ինչո՞ւ:
-Ես չեմ կարող ասել ինչու: Եթե կուզեք ճիշտն իմանալ, չեմ էլ ուզում խոսել այդ մասին: Չգիտեմ… Երևի նրա համար, որ Կալիֆորնիայում՝ արևի տակ, օվկիանոսի ափին կյանքս վայելելու փոխարեն Հայաստանի անկախությունից ի վեր ցուրտ և մութ տարիներին օր ու գիշեր աշխատել եմ մայր թատրոնում՝ դիմակայելով շատ այլ խնդիրների՝ լուսավոր ապագայի հույսով: Ունեցել եմ բազնաթիվ հնարավորություններ՝ արտասահմանում բարեկցիկ կյանքով ապրելու, բայց ես ընտրեցի իմ երկրում աշխատելու և ստեղծագործելու ճանապարհը:
-Բայց եթե դուք էլ ընտրեիք գնալու ճանապարհը, մենք կզրկվեինք ևս մեկ արտիստից, ով շարունակում է հավատարիմ մնալ մշակույթի կանոններին:
-Շնորհակալություն, միայն այս խոսքերի համար արժեր չգնալ (ժպտում է):
-Վերադառնալով կոչումներին՝ ուզում եմ հարցնել՝ ներկայացվա՞ծ եք դուք վաստակավոր արտիստի կոչմանը:
-Այո , թատրոնը վաղուց ներկայացրել է, իսկ թե ինչո՞ւ իմ անունը չի հայտնվում ստացողների ցուցակում՝ չեմ կարող ասել: Այսինքն, կարող եմ, բայց թույլ տվեք չասել...
-Գուցե գոյություն ունեն ա՞յլ չափանիշներ:
-Նայած՝ ինչ չափանիշների մասին է խոսքը: Եթե այսօր մեզ հետ չեն այն մեծերը, որոնցով պայմանավորված է մեր մշակույթը, դա դեռ չի նշանակում, որ մենք մոռացել ենք նրանց թողած ժառանգությունը և այլևս չպետք է շարունակենք դրա կրողը լինել կամ այդ հարթությունը մեզ համար որպես չափորոշիչ չպետք է լինի և գոնե չպետք է ձգտենք հասնել դրան... Ժամանակն է՝ մեր մշակույթը ծանոթ, փեսա, քավոր հարաբերություններից տեղափոխել ԱՐԺԵՔ, ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ, ՎԵՀ, ՀԻԱՑՄՈՒՆՔ արժեհամակարգ , եթե ոչ, ապա արվեստ կոչվածը կնմանվի տոնավաճառի, որտեղ միշտ կարելի է սակարկել: