30/09/2015 18:35
Մահացել է ֆրանսահայ ճանաչված ջութակահար Ժան Տեր-Մերկերյանը
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 30-ին, Ֆրանսիայի Մարսել քաղաքում, երկարատև հիվանդությունից հետո՝ 80 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Պատվո շքանշանակիր, ֆրանսահայ ճանաչված ջութակահար, մանկավարժ Ժան Տեր-Մերկերյանը:
Ճանաչված երաժիշտը ծնվել է ֆրանսիական Մարսել քաղաքում, որտեղ ապաստանել էին Ցեղասպանությունից փրկված նրա ծնողները։ Շատ վաղ տարիքում՝ 11 տարեկանում ավարտել է Մարսելի կոնսերվատորիան, այստեղ հանդես եկել նաեւ իր առաջին մենահամերգով։
Ապա ընտանիքով ներգաղթել է Խորհրդային Հայաստան, այստեղ ուսանել Երեւանի Կոնսերվատորիայում, իսկ 1958- 60 թթ Մոսկվային կոնսերվատորիայում ուսանել աշխարհահռչակ Դավիդ Օյստարքի մոտ։
1956 թ, նա «Պրահայի գարուն» փառատոնում արժանանում է երկրորդ մրցանակի, իսկ արդեն 1961- ին Փարիզում Լոնգի եւ Տիբոյի անվան միջազգային փառատոնի առաջին մրցանակակիրն էր։
Թեեւ նրան առաջարկում են մնալ Մոսկվայում, սակայն Ժան- Մերկերյանը վերադառնում է Հայաստան, դասավանդում Երեւան կոնսերվատորիայում ելույթներով հանդես գալիս նախկին ԽՍՀՄ- ի հանրապետություններում։
1971 թ. արժանանում է Ժողովրդական արտիստի կոչման։
1981 թվականին տաղանդավոր ջութակահարը հեռանում է Հայաստանից, հաստատվում ծննդավայրում եւ դասավանդում Մարսելի կոնսերվատորիայում, աշխարհի տարբեր երկրներում հանդես գալիս մենահամերգներով։