06/10/2015 13:41
Իրանագետ. Հայաստան-Իրան երկաթգծի շնորհիվ Հայաստանը կկարողանա դուրս գալ շրջափակումից
Հայաստան-Իրան երկաթգծի շնորհիվ Հայաստանը կկարողանա դուրս գալ շրջափակումից: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց իրանագետ, պատմական գիտությունների թեկնածու Գոհար Իսկանդարյանը` միևնույն ժամանակ նշելով, որ խնդիր է դրա համար անհրաժեշտ գումարի հայթայթումը:
«Բացի այդ՝ հետաքրքիր է Հայաստանի դերակատարությունը ԵԱՏՄ-Իրան հարաբերությունների շրջանակում»,- ասաց իրանագետն՝ ընդգծելով, որ Հայաստանն արդեն առաջարկել է Իրանի ներկայությունը ԵԱՏՄ-ում:
«Իրանը ևս այդպիսի ցանկություն է հայտնել, սակայն խնդիրն այն է, որ Իրանը Հայաստանի ցամաքային տարածքով հեռու չի կարող գնալ՝ առաջանում է Վրաստանի հարցը»,- ասաց բանախոսը:
Անդրադառնալով ՀՀ բնական պաշարների և էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի՝ Իրան կատարած այցին և էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանը՝ Գոհար Իսկանդարյանը հիշեցրեց, որ հայ-իրանական հարաբերություններում էներգետիկ ոլորտը միշտ էլ առաջնային ու իր հետևից տանող է եղել: