06/10/2015 16:11
Զառա Արամյանը՝ բնակարան նվեր ստանալու մասին. «Բոլորն էլ գիտեն, որ ես ապրում եմ Զաքյան փողոցում»
Այսօր տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Երևանի քաղաքապետարանը հոկտեմբերի 8-ի արտահերթ նիստում կքննարկի նաև մի քանի քաղաքացիների բնակարան նվիրելու հարցը: Մարգարյան փողոցի 45 շենքում բնակարաններ կհատկացվեն Զառա Արամյանին (90,8 քմ մակերես ունեցող բն.), գրող Վահրամ Սահակյանին՝ (101,5 քմ մակերեսով), երգիչ Դավիթ Ամալյանի և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Բերջ Քարազյանին: Aysor.am-ը թեմայի շուրջ զրուցել է նրանցից երկուսի հետ:
«Այն, որ ես բնակարանի խնդիր ունեմ, հաստատ է: Դեռևս տարիներ առաջ եմ դիմում-խնդրանքով դիմել քաղաքապետարան, սակայն արձագանք չի եղել: Ես էլ այսօր առավոտյան լրագրողներից իմացա, որ առաջիկա նիստում դրվելու է նաև ինձ բնակարան հատկացնելու հարցը: Անկեղծ ասած՝ հաճելիորեն զարմացա: Այսօր դեռ ամսի 8-ը չի, չգիտեմ՝ կընդունեն, թե ոչ: Կուրախանամ իհարկե, եթե ընդունեն: Բոլորն էլ գիտեն, որ ես ապրում եմ Զաքյան փողոցում: Ճիշտ է, համերաշխ ենք, բայց շատ մեծ ընտանիք ենք՝ սկեսուր, ամուսնու քույրիկ, երեխաներ… Տարբեր սեռի երեխաներ են, տալիս երեխաներն արդեն մեծ են՝ 20-21 տարեկան, իմ երեխաները 12-13 տարեկան են»,-նշեց «համով» Զառան:
Օրեր առաջ մեր զրուցակիցը իր Facebook-յան էջում Էրեբունի-Երևանի տոնակատարությունների անցկացմանը սատարող գրառում էր կատարել, ինչը բավական նեգատիվ էր ընդունվել հասարակության կողմից: Սակայն Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի կինը՝ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, հուզիչ մեկնաբանությամբ խրախուսել էր դերասանուհու գրառումը: Մեր այն հարցին, թե արդյոք նրան տուն հատկացնելու որոշումը կարող է կախված լինել վերոնշյալ գրառման հետ, Զ. Արամյանը պատասխանեց. «Պարզապես, Էրեբունի-Երևան տոնակատարության հիմնադիրն իմ հայրն է, ով այժմ վատառողջ է: Կցանկանայի, որ իր սկսած գործը երբևէ չվերանա, սակայն, զգալով, որ մարդիկ, իսկապես, ցավոտ են վերաբերում այս հարցին կամ գուցե ես չէի կարողացել լիովին արտահայտել այն, ինչ մտածում էի, ջնջեցի գրառումս: Ես հանրային մարդ եմ, և, անշուշտ, հանրության կարծիքն ինձ համար կարևոր է: Այսքան տարիների ընթացքում միշտ էլ հաշվի եմ առել բոլորի կարծիքները»:
Ոմանք էլ խոսում են, որ Զառա Արամյանի ամուսինը համապատասխան օղակներում համապատասխան դիրք է զբաղեցնում, ինչն էլ դարձել է նրա բնակարանատեր դառնալու պատճառ: Սակայն մեր զրուցակիցը ծիծաղելով նշեց. «Բացարձակ նման բան չկա: Իմ ամուսինը ոչ քաղաքապետարանում է աշխատում, ոչ կառավարությունում, ոչ էլ Ազգային ժողովում: Դա նույնիսկ ծիծաղելի է: Նա բոլորովին այլ բնագավառում է աշխատում և այդ ոլորտների հետ որևէ առընչություն չունի»:
Ինչևէ, անտուն քաղաքացիների պակաս այսօր Երևանը չունի, ու ոչ դրական խոսակցությունները, բնականաբար, կթեժանան նոր բնակարանատերերին բանալիների հանձնումից հետո: «Ես ցանկանում եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն որևիցե խնդիր՝ հատկապես բնակարանային, անպայման իրենց խնդիրները լուծում ստանան: Երբեք չես կարող լինել երջանիկ միայնակ՝ էգոիստաբար, եթե կողքինս խնդիր ունի: Թող բոլորի խնդիրները լուծում ստանան»,-եզրափակեց Զ. Արամյանը:
Երգիչ Դավիթ Ամալյանն էլ, ով ապագա բնակարանատերերից մեկն է, մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը ևս ժամանակին բնակարանային խնդրով դիմում էր ներկայացրել քաղաքապետարան: «Ես միշտ ու բոլոր ստացողների համար ուրախանում եմ, լավ եմ տրամադրված: 14 տարի վարձով եմ ապրել, ինքս երբեք շատ չեմ հետաքրքրվել, բայց ընկերներիս, ովքեր որոշել են նման նախաձեռնությամբ հանդես գալ ու աջակցել, շնորհակալ եմ: Դե հայ ենք, արդեն մի քանի օր է՝ կողքից լսում եմ խոսակցություններ ու հասկանում, որ ինձ ինչ-որ բան է սպասվում: Հիմա հասկանում եմ, որ սա էր սպասվում»,-մանրամասնեց նա:
Երգիչը չթաքցրեց, որ նման որոշումն իրեն ուրախացնում է. «Կարող եմ ասել, որ շատ շնորհակալ եմ: Միայն այն ընկերներիս մոտ եմ ամաչում, ովքեր դրա կարիքն ունեն ու ես իրենց շարքը լքել եմ: Այո, ունեմ և մարտական, և արվեստի բնագավառում ընկերներ, ովքեր տան կարիք ունեն: Կցանկանամ, որ մեր պետությունն այնքան հզորանա, որ բոլորին հասնի»: