07/10/2015 19:40
Իրենց «տուսովկայից» դուրս ենք, այդ պատճառով հոգեպես ճնշեցին. Արփինե Բեկջանյանը պատասխանում է իրեն քննադատողներին
Հասարակության շրջանակներում լայն ճանաչում ունեցող մարդիկ, հատկապես շոուբիզնեսի ներկայացուցիչները, հաճախ են հայտնվում սկանդալների, ասեկոսեների կիզակետում: Շատերը դա օգտագործում են որպես փիար միջոց, շատերն էլ վիրավորվում ու պատիվ են պահանջում: «Պարբերաբար քննարկվելը նորմալ երևույթ է: Այդ դեպքում կարելի է ենթադրել, որ քեզանով շատ են հետաքրքրվում, համակրում կամ հակակրում: Բայց անտանելի է, երբ ամեն անգամ առիթը բաց չեն թողնում՝ «ցեխ լցնել» վրադ, մոռանալով, որ այն մարդկանց կողմից, ովքեր մեր թեժ երկրպագուներն են, իրենք են ենթարկվում «ցեխալցմանը»: Դե, եթե այդպես են որոշել՝ ավելի լավ… Եթե ինձանից ոչինչ չներկայացնեի, իմ մասին չէին գրի ու խոսի, ես էլ վատ կզգայի: Բայց «կպնելու» դեպքում էլ թող չվերածեն անձնական վիրավորանքի»,- Aysor.am-ի հետ զրույցում նշեց ամենաքննարկվող երգչուհիներից մեկը՝ Արփինե Բեկջանյանը:
Ի դեպ, հաճախ համացանցում են հայտնվում երգչուհուն վերաբերող այնպիսի քննադատություններ՝ որոնց միջոցով մեղադրում են նրան անճաշակության, ռիթմից հետ մնալու ու ժամանակի շունչը չզգալու մեջ: «Թող քննադատող մեծամիտներն իմանան, որ. նախ, իրենք մասնագիտությամբ քննադատ չեն և իրավունք չունեն իրենց սուբյեկտիվ կարծիքը փաթաթել մարդկանց պարանոցին: Կա սերունդ, որը մեզ ճանաչում է, սերունդ էլ կա՝ ոմանց «թեթև ձեռքով» չի ճանաչում մեզ: Իսկ սրանց նման վառված ու ինձանից նեղվածները, չգիտես ինչ իրավունքով, բացասական կարծիք են սերմանում: Ճիշտ են ասում՝ հազար լավ բան անես՝ չեն նկատի, բայց այ ցեխ շպրտելիս չեն ալարի: Ընդհանրապես, քննադատողներն իրենց հայելու մեջ նայել ե՞ն: Որոշ օգտատաերեր չգիտես ինչ սխալ ինֆորմացիաներ են վերցնում, երկու կոպեկ աշխատելու համար իրենց էժանագին հոգին վաճառում են: Բլոգերներն էլ չմտածելով՝ այդ նույն դատարկ գրողների հիմար նյութերը հաճախ վերցնում ու հրապարակում են՝ չմտածելով իրենց ռեյտինգի մասին: Ամեն վառվածի նյութ մի հրապարակեք. Հիշեք, ում փնովում են, ունեն 100 չուզող ու 1000 ուզող, ու դուք էլ ակամայից Ձեր այդ փիարի համար ընկնում եք 1000-ի աչքից: Ընդհանրապես, ի՞նչ հիմքերով են որոշում՝ ո՞վ է ճաշակով, ով՝ ոչ, ով է ժամանակի հետ համահունչ քայլում, ով՝ ոչ: Ո՞վ է Ձեզ իրավունք տվել մարդկանց վիրավորել ու մյուսների աչքից գցել: Եթե այդ կարգի համարձակ են, թող իրենց նկարը դնեն ու սեփական անուն ազգանունը գրեն, ոչ թե վախկոտների պես կեղծանվամբ թաքնվեն իրենց չեղած ու ծիծաղելի հոդվածների ետևում: Թաքնվել են, որ պատիվ չպահանջե՞նք, որ դատի չտա՞նք: Բավական է, ամոթ է, վերջացրեք: Մեղավո՞ր ենք, որ տարրական չկամեցողության հետևանքով «սև ցուցակում» հայտնվելով՝ այսօր եթերում չկանք: Իրենց «տուսովկայից» դուրս ենք, այդ պատճառով հոգեպես ճնշեցին, հիմա էլ ամեն «դուրսպրծուկ» փորձում է ընկածներիս գլխի՞ն խփել՝ ճղճիմ հերյուրանքներ գրելով ու դասակարգելով: Ինչ վերաբերում է հագ ու կապիս՝ շատ բան չասեմ. Միայն նշեմ, որ այսքան ժամանակ ճաշակիս կպնող միակ մարդն այդ գրողն էր: Շատերը ինձ հետ խորհրդակցում են հաճախ հագուստի առումով»,-վրդովված մեկնաբանեց մեր զրուցակիցը:
Ա. Բեկջանյանին առավել շատ անհանգստացնում է այն հանգամանքը, որ տարիների ստեղծածը «որոշ մարդկանց» արկածախնդրության պատճառով կարող է ջուրն ընկնել. «Տարիներով անուն ստեղծես, որ մի ինչ-որ վառված ոնց «քեֆը տա» սևացնի՞ քեզ: Ի՞նչ իրավունքով: Թողեք ժողովուրդն ընտրի իր արտիստին, սիրի կամ չսիրի, ոգևորի կամ քննադատի: Մի ՈՉՆՉԻ կարծիք չպետք է փաթաթվի մարդկանց պարանոցին: Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ են նշում, թե իբր ես ինձ կոտորում եմ շոուբիզնես վերադառնալու համար: Նման բան երբևէ ասե՞լ եմ: Եթե այո, թող ապացուցեն: Կամ ինչո՞ւ են իմ նկարի փոխարեն տեղադրում քրոջս նկարն ու իմ ֆեյսբուկյան ստատուսը հրապարակում, մարդիկ էլ չեն հասկանում՝ ինչի՞ մասին է խոսքն ու այդ հոդվաի տակ գրում են. «Սա գիժ է»: Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ իրավունքով՝ լրագրող ես՝ ոչ, քննադատ ես՝ ոչ, իմ «կլասսը», անունը ստեղծողը դո՞ւ ես՝ ոչ: Այդ ո՞ր ճանապարհով է երգչի «կլասսը» որոշվում. որ էստրադայից անցում չկատարե՞ցի կիսակլկլան երգերին, թե՞ որ 6/8 չերգելուս համար հարսանիքներում չեմ երգում: Փաստորեն, դրանո՞վ է որոշվում, թե ես ռիթմից ետ եմ մնացել»:
Մեր զրուցակիցը նշեց, որ տեղին, առողջ քննադատություններին նորմալ է վերաբերում: Անգամ ստահոդ լուրերին չի փորձում պատասխան տալ. «Լսում և ընդունում եմ զուտ մասնագիտական կարծիք, իհարկե, նաև «ականջ եմ դնում» կոլեգաներիս և երկրպագուներիս ասածներին: Երևի թե, միակ հետադարձ քայլս այս հարցազրույցը կլինի»:
Մեր այն դիտարկմանը, որ երգիչ-դերասանները հաճախ հայտնի են դառնում հենց սկանդալների միջոցով, երգչուհին պատասխանեց. «Այո, հայտնի դարձնում են սկանդալները, բայց որքան էլ շատ սիրեմ իմ հայրենիքն ու ժողովրդին, ստիպված եմ նկատել, որ մարդիկ վերջին շրջանում շա՜տ չարացած են: Սիրում են դիմացինին վիրավորել, փնովել: Ախր չեք ճանաչում չէ՞ նրան, ինչ սուտ բան գրում են, պետք է հավատա՞ք: Այդ ո՞ր մեկն է իդեալական, որ մյուսներին էլ անուն է կպցնում, վատ քոմենթներով վիրավորում: Մի քիչ սիրեք, հարգեք միմյանց: Սատար եղեք, չէ՞ որ հայ եք: Կամեցող ու գնահատող եղեք: Մտածեք, այն, ինչ անում եք, խոսում կամ գրում՝ նույնին էլ արժանանալու եք: Կյանքում ամեն բան բումերանգ է: Լավը նկատեք ու գործեք»,-եզրափակեց Արփինե Բակջանյանը: