09/10/2015 19:34
Ժողովրդական կամ վաստակավոր արտիստի կոչում ունենալը սիմվոլիկ բան է. Գուրգեն Դաբաղյան
«Բոլոր սերունդներն էլ պատրաստ են լսել ազգային, ժողովրդական երաժշտություն, եթե դա ճիշտ մատուցմամբ ու «փաթեթավորմամբ» է: Դատելով իմ իսկ համերգներից՝ կարող եմ ասել, որ մեր երիտասարդությունը հետաքրքրված է ազգայինով: Այդ են փաստում նաև իմ ստացած բազմաթիվ կորպորատիվ առաջարկները: Ինչ վերաբերում է մշակույթից տարրեր վերցնելուն և սեփականը ներկայացնելուն, ապա դրա դեմ պետք է պայքարել միայն գործով: Այդպես կարելի է ապացուցել, թե որը ումն է»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երգիչ Գուրգեն Դաբաղյանը:
Հարցին, թե ազգային երաժշտության նկատմամբ որքանո՞վ է տարբերվում Հայաստանի և սփյուռքի հանդիսատեսի վերաբերմունքը, երգիչը պատասխանեց. «Այստեղ հանդիսատեսն ավելի պահանջկոտ ու խիստ է, իսկ դրսում տիրող կարոտի զգացողությունը չի թողնում այդքան էլ խիստ դատել»:
Վերջին շրջանում տրվող կոչումները դարձել են բավական աղմկահարույց: Անդրադառնալով արձագանքներին՝ Գ. Դաբաղյանը նշեց. «Ժողովրդական կամ վաստակավոր արտիստի կոչում ունենալը սիմվոլիկ բան է, պետք չէ այդքան խոսել ու բարձրաձայնել: Ուղղակի պետք է ժողովրդականություն վայելող երգչին տարբերել ժողովրդականը մատուցողից: Անընդունելի է, երբ ժողովրդականի անվան տակ են ներկայանում երգիչներ, ովքեր այդ ժանրի կատարող չեն»: