09/10/2015 20:27
Անասնական դաժանությամբ չի կարելի լցվել, եթե անգամ ինքդ դժոխքում ես. Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը կոչումների և բնակարաններ օտարելու մասին
Վերջին մեկ ամսում պետական որոշումներից մի քանիսը աղմկահարույց արձագանքի արժանացան: Արմենչիկի վաստակավոր արտիստի կոչումն ու Զառա Արամյանի բնակարանատեր դառնալը շատերի զայրույթն առաջացրեցին: Հատկապես, որ Մշակույթի նախարարությունն այդպես էլ անարձագանք թողեց բացատրություն տալու՝ իրեն ուղղված պահանջը: Aysor.am-ը ռեժիսոր Հրանտ Վարդանյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է վերաբերում վերջին տարիներին վաստակավոր արտիստի կոչմանը, արդյոք այս կերպ չի նսեմացվում մշակույթի նվիրյալների աշխատանքը:
«Այս ամենից սովետական տարիների տհաճ հոտ է գալիս: Միակուսակցական դիկտատի այդ երկրում սիրում էին գնահատականներ և կոչումներ տալ `գիտության, մշակույթի, սպորտի և այլ ասպարեզներում աչքի ընկած գործիչներին: Դրանցից շատերը մրցանակ ու կոչում ստանալով՝ արտոնություններ էին ձեռք բերում, անգամ կային հատուկ առողջարաններ, խանութներ և ծառայություններ, որից օգտվում էին կոչում ունեցող մարդիկ: Այսօր աշխարհում շատ արժանի մարդիկ չունեն նմանատիպ կոչումներ, բայց հայտնի են, հարգված են, ունեն մեծ կարողություններ: Ցանկացած մրցանակ ինձ համար սուբյեկտիվ գնահատական է, միայն ժամանակն է գնահատում մարդու կողմից ստեղծած որևէ արժեք. եթե իսկապես դա մնայուն մի բան է, ապա ժամանակը իր տեղն է գցում` համեմատության մեջ դնելով հանճարեղի և բացառիկի հետ: Իհարկե, հասկանում եմ նրանց, ովքեր չեն ուզում իրենց ստացած կոչման կողքին տեսնել մարդկանց, ում արած աշխատանքը ոչ միայն արժանի չէ խրախուսանքի, այլ հակառակը՝ դատապարտելի է հակաէսթետիզմի կամ ճաշակի տեսանկյունից»,-ասաց ռեժիսորը:
Ինչ վերաբերում է քաղաքապետարանի կողմից հաղորդավարուհի Զառա Արամյանին, երգիչ Դավիթ Ամալյանին և թատերագիր Վահրամ Սահակյանին բնակարաններ նվիրելուն, ապա մեր զրուցակիցը փոքր-ինչ վրդովված նշեց. «Ես միայն ուրախ եմ, երբ որևիցե մարդ նոր բնակարան է ստանում: Կարծում եմ՝ բոլոր ստացողներն էլ դրա կարիքը հաստատ ունեցել են, չի կարելի այդքան նենգ վերաբերվել մեր իսկ հայրենակիցներին՝ անկախ նրանից, թե ինչ ասպարեզում են նրանք աշխատում: Եթե ուզում էք քարկոծել, ապա դա արեք կատարած գործերի համար: Բայց այս դեպքում մարդկային չի, հայերեն չի… Դա նույնն է, ինչ մարդը սպասված երեխա ունենա ու մարդիկ սկսեն չարախոսել, անիծել, հայհոյել: Անասնական դաժանությամբ չի կարելի լցվել, եթե անգամ ինքդ դժոխքում ես: Մարդն այս առումով առավելություն ունի կենդանական այլ ձևերի նկատմամբ»,-եզրափակեց Հրանտ Վարդանյանը: