10/10/2015 16:07
350 հազար դոլլար բյուջեով «Սիրո գործակիցը» մեծ էկրան կբարձրանա հոկտեմբերի 22-ին
Հայկական կատակերգական կինոշուկան շուտով կհամալրվի ևս մեկ ֆիլմով. «Կարգին ստուդիան» և «Էսքիզ ստուդիան» օրեր անց հանդիսատեսի դատին կհանձնեն «Սիրո գործակից» կոմեդիան, որում նկարահանվել են հայկական կինոաշխարհի լավագույն ավագ և երիտասարդ սերնդի ներկայացուցիչները՝ Հայկ Մարությանը, Գարիկ Պապոյանը, Էթերի Ոսկանյանը, Խորեն Լևոնյանը, Ժենյա Մկրտումյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը, Աննա Հարությունյանը, Արման Նավասարդյանը, Լուիզա Ներսիսյանը, Լևոն Հարությունյանը, Արմինե Պողոսյանը, Ռաֆայել Երանոսյանը և Արմուշը:
«Մեր ֆիլմը լուրջ կատակերգություն է՝ սպորտային ուղղվածությամբ: Ներկայացվում է Հայաստանի թենիսիստուհիների մասնակցությունը միջազգային մրցաշարին: Ֆիլմում տեղի ունեցող գործողությունները ծավալվում են մրցաշարի շուրջ: Իմ հերոսը՝ Արամը՝ գլխավոր դերակատարն է: Արամի ընկերոջը՝ Ռաֆոյին, մարմնավորում է Գարիկ Պապոյանը: Քանի որ բանկը պատրաստվում է վարկի դիմաց տղաների ձեռքից վերցնել նրանց սրճարանը, ապա վերջիններս որոշում են խարդախությունների դիմել խաղադրույքի միջոցով»,-Aysor.am-ի հետ զրույցում մանրամասնեց ֆիլմի գլխավոր դերակատար և գլխավոր պրոդյուսեր Հայկ Մարությանը:
Ֆիլմի հենց այս հատվածից էլ սկսվում են արկածներն ու խառնաշփոթը. Արամը (Հայկ Մարության) սիրահարվում է թենիսիստուհիներից մեկին (Էթերի Ոսկանյան), իսկ նրան ցանկանում են ամուսնացնել թաղային հեղինակության դստեր՝ «գեշ» Փիրուզի հետ, որին մարմնավորում է Արմինե Պողոսյանը: «Մեր կինոյի աղջիկն այս անգամ Էթերի Ոսկանյանն է: Իր հերոսն անընդհատ խուսափում է տգեղ հարսնացուից՝ զուգահեռ փորձելով հարաբերությունները կարգավորել իր սիրած աղջկա հետ… «Սիրո գործակիցը» դաշտում եղող ֆիլմերից տարբերվում է նրանով, որ սպորտային ուղղվածություն ունի: Ընդհանրապես, աշխարհում քիչ են նման ուղղվածության ֆիլմերը, քանի որ այնքան էլ հեշտ չէ նկարահանել: Նաև, ֆիլմը բավական մեծ բյուջե ունի՝ 350 հազար ԱՄՆ դոլլար… Պարտավոր ենք, այլապես կինոարտադրությունը կկանգնի»,-ժպիտով անկեղծացավ կարգին Հայկոն:
Այն հարցին, թե արդյոք մեծ արձագանք գտած «Սուպեր մաման» ծիծաղի «հորմոններով» կզիջի «Սիրո գործակցին», մեր զրուցակիցը պատասխանեց. «Ամեն անգամ մի նոր նվաճում անելով՝ քո մյուս աշխատանքը շատ ավելի դժվարանում է, հաջորդը պարտավոր ես ավելի լավն անել: Գոնե մեկ աստիճան պարտավոր ենք բարձրանալ: Մենք մեզ մրցակից ենք այս պահին, քանի որ հայկական կինոարտադրության մեջ «Սուպեր մաման» ամենաշատ էկրանային և յութուբյան դիտողականությունն է ունեցել»:
1 ժամ 40 րոպե տևողությամբ գեղարվեստական ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 22-ին՝ բոլոր կինոթատրոններում: Ֆիլմի բեմադրող ռեժիսորներն են Արման Մրությանը և Վահագն Խաչատրյանը, բամադրող օպերատորը՝ Մկրտիչ Բարոյանը (Արգո), սցենարի հեղինակն է Ռոբերտ Մարտիրոսյանը, համահեղինակը՝ Արման Մարությանը: Գլխավոր պրոդյուսերը Հայկ Մարությանն է, պրոդյուսերը՝ Սերգեյ Հարությունյանը: