12/10/2015 16:40
Կատակերգ՝ տաքսիստների թեմայով (Տեսահոլովակ)
Համացանցում է հայտնվել հերթական հումորային երգ-տեսահոլովակը, որն այս անգամ թեմատիկ է և նվիրված է տաքսու վարորդներին: Aysor.am-ը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է երգիչը որոշել անդրադառնալ հենց նրանց, արդյոք այդքան շատ է օգտվում տաքսիներից:
«Այնքան հաճախ եմ օգտվում, որ նրանք հասցնում են ինձ բավականին զվարճալի գաղափարներ ու թեմաներ տալ: Ինձ հետաքրքրում է, թե տաքսիստը մտքում ինչ է մտածում իր ուղևորների մասին»,-նշեց «Արցախի ձայներ» նախագծի մասնակից երգիչ Դավիթ Ադամյանը:
Խոսքերի հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, երաժշտությունը գրել և գործիքավորել է «Karen –Sevak production»-ը: Տեսահոլովակը նկարահանել է Արտյոմ Աբովյանը. «Քանի որ սա իմ առաջին աշխատանքն էր, պետք է կողքս լինեին այնպիսի մարդիկ, երաժիշտներ, որոնց անվերապահորեն կվստահեի: Ես հավանում եմ Վահրամ Պետրոսյանի գործերը, նաև ընկերներս խորհուրդ տվեցին: Փառք Աստծո դեռ վատ, բացասական խոսքեր չեմ լսել»:
Մեր զրուցակիցը հավելեց, որ այսօր երգերը միմյանց շատ են նման, ձեռագրի տարբերություն չկա, այդ պատճառով էլ որոշել է առանձնանալ՝ ներկայանալով հումորային, թեթև երգ ու տեսահոլովակով. «Ես էլ բնույթով ասող-խոսող եմ, չեմ սիրում ամեն ինչը բարդացնող մարդկանց: Փորձում եմ բարդ իրավիճակներում էլ ինձ չկորցնել»:
Անդրե, Ռազմիկ Ամյան… Շարքը կարելի է շարունակել. մեր այն հարցին, թե արդյոք ղարաբաղցի լինելն օգնում է նրան հաստատվել երգարվեստում, վերջինս ծիծաղելով պատասխանեց. «Գիտեք, եթե Ռազը (Ռազմիկ Ամյան) չլիներ, կարող է երգիչ չդառնայի: Միշտ իր երգացանկի երգերն եմ երգում, մինչև իմ երգացանկն ունենամ ու փորձեմ ետ չմնալ»:
Զրույցի վերջին Դավիթ Ադամյանը շնորհակալություն հայտնեց թիմակիցներին, հատկապես իր պրոդյուսեր Լիրա Քոչարյանին՝ տեղեկացնելով, որ շուտով եթերում կլինի իր հաջորդ տեսահոլովակը: