12/10/2015 10:00
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Երևանում 0-3 հաշվով պարտվեց Ալբանիային
Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում Հայաստանի հավաքականը պարտվեց Ալբանիայի ընտրանուն: «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 0:3 հաշվով:
9-րդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Շկելզեն Գաշին հարվածեց Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասի ուղղությամբ, Կամո Հովհաննիսյանը փորձեց դարպասի գծից հեռացնել գնդակը, սակայն չստացվեց, և ինգնագոլ գրանցվեց Հովհաննիսյանի ակտիվում:
23-րդ րոպեին Ալբանիայի հավաքականի տուգանայինի խաղարկումից հետո Բերատ Ջիմշիտիի և Ռոբերտ Արզումանյանի համատեղ ջանքերով գնդակը երկրորդ անգամ հայտնվեց մեր ընտրանու դարպասում: ՈւԵՖԱ-ի վիճակագրական բաժինն այդ գոլը գրանցել է Ջիմշիտիի ակտիվում: Հավաքականներն ընդմիջման գնացին 0:2 հաշվի պայմաններում, իսկ երկրորդ կեսում` 76-րդ րոպեին, Արմանդո Սադիկոն ավելի խոշոր դարձրեց ալբանացիների առավելությունը:
Այսպիսով` Ալբանիայի հավաքականը Եվրո-2016-ի ընտրական փուլում 14 միավոր վաստակեց, զբաղեցրեց I խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը և Ֆրանսիայում կայանալիք մրցաշարին մասնակցելու հնարավորություն ստացավ: Հայաստանի ազգային հավաքականն այս ընտրական փուլում վաստակեց ընդամենը 2 միավոր և խմբում զբաղեցրեց վերջին հորիզոնականը:
Եվրո-2016, ընտրական փուլ
Հայաստան - Ալբանիա՝ 0:3
Գոլերը` Կամո Հովհաննիսյան 9'/ինքնագոլ, Բերատ Ջիմշիտի 23', Արմանդո Սադիկու 76'