12/10/2015 09:38
Մավր Մկրտչյանի նոր անակնկալներն ու հունական և արգենտինական շրջագայությունները
Ժողովրդական երգերի կատարող Մավր Մկրտչյանը, ով մեր նախորդ զրույցին տեղեկացրել էր, որ պատրաստվում է ներկայանալ նոր երգացանկով՝ սակայն չշեղվելով արմատներից, Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այժմ արդեն աշխատում է նոր երգերի վրա: «Երգերից մեկն իմ երգացանկից է՝ Ջիվանու «Քաջ Վարդան» երգն է, կամ ինչպես այլ կերպ ասում են՝ «Ավարայրի դաշտը», որը սակայն ներկայացնելու եմ բավականին նոր երանգներով ու գործիքավորմամբ: Մյուս երգերը մի փոքր այլ լուծումներով կլինեն… Նաև ասեմ, որ առաջին երգը կհնչեցվի ու կցուցադրվի նաև էկրաններով, բայց ոչ տեսահոլովակի տեսքով: Բայց փակագծերը շատ բացել չեմ ցանկանում, թող լինի անակնկալ»,-պարզաբանեց մեր զրուցակիցը:
Երգը գործիքավորել է Դեր Հովան: Ի դեպ, վերջերս Մ. Մկրտչյանը համերգային շրջագայություններով գտնվում էր Արգենտինայում և Հունաստանում: «Ռոբերտ Մլքեյանի գլխավորած «Հայ ֆոլկ» վոկալ անսամբլի հետ էի մեկնել: Հայ համայնքի կողմից հրավեր ունեինք: Երկու համերգ ունեցանք. Սեպտեմբերի 21-ին անկախությանը նվիրված համերգ՝ Բուենոս Այրեսում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որտեղ հիմնականում հայեր էին: Երկրորդ համերգը սեպտեմբերի 25-ին էր՝ Հարավային Ամերիկայի ամենահեղինակավոր ՝ «Կոլոնի» օպերային թատրոնի դահլիճում: Ասեմ, որ մոտ 4000 հանդիսատեսից միայն 1000-ն էին հայեր: Արգենտինայում հիմնականում կատարում էինք Կոմիտասի ստեղծագործությունները, Ռոբերտ Մլքեյանի ֆոլկ մշակումները »,-նշեց երգիչը:
Խումբը Արգենտինայում մնացել է մոտ 10 օր: Իսկ այս ամսվա սկզբին Հայաստանի պետական կամերային երգչախմբի հետ Մավր Մկրտչյանը համերգներով հանդես եկավ Հունաստանում: «Հոկտեմբերի 3-ին Աթենքում էինք՝ «Մեգարո» համերգասրահում, 4-ին և 5-ին Սալոնիկ քաղաքում: Հայ և դասական կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործություններ էինք կատարում, որը շատ ջերմ էր ընդունվում հանդիսատեսի կողմից»,-եզրափակեց մեր զրուցակիցը: