12/10/2015 19:35
Ուզում եմ ընտանիք կազմել. Մովսես Երեմյանը 23-ամյակին պահած երազանքի մասին
Դերասան Մովսես Երեմյանը, ով այս օրերին նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության «Ուրիշի հոգին» սերիալում, այսօր նշում է ծննդյան 23 ամյակը: Aysor.am-ը շնորհավորելով հոբելյարին՝ հետաքրքրվեց օրվա մանրամասների մասին: «Տարեդարձս սկսել եմ նշել կեսգիշերից: Ներկա պահին նկարահանման հրապարակում եմ, օրվա մի մասն այստեղ եմ անցկացնելու: Այնուհետև ընկերներիս հետ կհավաքվենք ու կնշենք որևէ գեղեցիկ վայրում: Թե որտեղ՝ չեմ կարող ասել, բայց հաստատ տանը չենք նշի»,-նշեց մեր զրուցակիցը
Հոբելյարի անակնկալները սկսվել են ժամը 24:00-ից, առաջին շնորհավորողն էլ եղել է ընկերուհին, ով ներկա պահին Հայաստանում չի գտնվում.« Ընկերներս են անակնկալ մատուցել, նաև մի մարդ, ումից նման բան չէի սպասում… Իսկ ընկերուհիս հիմա այստեղ չի, արտերկրում է և չի կարող ինձ հետ լինել, բայց գիտեմ, որ հոգով-սրտով կողքիս է: Սակայն նա շուտով կվերադառնա»:
Թեև դերասանը չցանկացավ հրապարակայնացնել սիրելիի ով լինելը, բայց նրա նպատակներն ու երազանքները կապված են հենց նրա հետ: «Ծննդյանս օրը երազանքներ չեմ պահել, բայց այս տարվա հետ կապված շատ կարևոր ու լուրջ նպատակներ ունեմ, որոնք կցանկանամ իրականանան: Թող նպատակներիս իրականության տարի լինի, հասնեմ երազանքներիս… Ուզում եմ ընտանիք կազմել: Թող լավ ու հաջողակ տարի լինի ինձ համար: Իսկ այն, ինչ ինձ մաղթում են մտերիմներս ու հարազատներս, ես էլ ցանկանում եմ բոլորին՝ ամեն օր»,-լավատեսորեն եզրափակեց Մովսես Երեմյանը: