12/10/2015 20:44
Իմ անձնական կյանքում միշտ նախընտրել եմ «պատ» քաշել. Սիբիլը Նունե Եսայանի հետ առաջիկա համերգի և անձնական կյանքի մասին
Aysor.am-ի զրուցակիցը թուրքահայ երգչուհի Սիբիլն է, ով առաջիկայում պատրաստվում է Նյու Յորքում համերգային ծրագրով հանդես գալ Նունե Եսայանի հետ: Երգչուհու հետ զրուցեցինք առաջիկա համերգի, Շառլ Ազնավուրի նկատմամբ մեծ սիրո, հայերի նկատմամբ Թուրքիայում տիրող տրամադրությունների և ընտանիք կազմելու մասին:
-Սիբիլ, գիտեմ, որ պատրաստվում եք Նունե Եսայանի հետ համերգ ունենալ Նյու Ջերսիում: Ո՞ւմ մտահղացումն էր Ձեր համատեղ համերգը, ինչպե՞ս նման միտք առաջացավ:
-Մայիս ամսվա սկզբին համերգի առաջարկ ստացա Նյու Յորքի համազգային կազմակերպության կողմից: 100-րդ տարելիցի առիթով Նունեն արդեն իսկ զանազան երկրներում էր շրջում, համերգներ ունենում: Նյու Ջերսիում կազմակերպվելիք համերգի կազմակերպիչները փափագ հայտնեցին, որ ես էլ այդ համերգային ծրագրի մաս կազմեմ: Մեծ սիրով ընդունեցի առաջարկը:
-Մինչ այս ծանո՞թ էիք երգչուհու հետ:
-2011 թվականի համահայկական խաղերի ժամանակ հյուրերի ցանկում էինք և ես, և Նունե Եսայանը: Փորձի ընթացքում և համերգի օրը իր հետ զրուցելու առիթներ էի ունեցել:
-Իսկ Հայաստանում համերգ, կամ գուցե մենահամերգ ունենալու մասին չե՞ք մտածում:
-Լինելով երգչուհի՝ մինչ ձայնիս Հայաստան հասնելուց հետո տարբեր համերգային առաջարկներ ստացա, սակայն մենահամերգ կազմակերպելու առաջարկ չունեցա: Իմ՝ այդ մասին մտածելը և երազելը բավարար պայման չէ: Կարևոր է, որ կազմակերպչական հարցերը լուծվեն, որից հետո մնացածն իրականություն կդառնա:
-Արդեն Միացյալ Նահանգներո՞ւմ եք, թե նոր պետք է մեկնեք:
-Դեռ Ստամբուլում եմ, ամսի 21-ին պետք է մեկնեմ Նյու Յորք:
-Արդեն իսկ գիտե՞ք, թե համերգի ժամանակ ինչ ծրագրով եք ներկայանալու, քանի՞ երգ եք կատարելու, ի՞նչ երգեր:
-Այո, 11 երգ պետք է կատարեմ: Ընտրված են երկու ալբոմներիս երգերից և մի քանի հայրենասիրական երգեր: Մի քանի երգերիս ընթացքում ձայնակցելու է Համազգային Նյու Ջերսիի «Արեգակ» երգչախումբը, մասնակցելու է նաև «Նաիրի» պարախումբը:
-Նունե Եսայանի հետ զուգերգ կլինի՞:
-Նունեն իր երգացանկի, ես՝ իմ երգացանկի երգերն եմ երգելու: Նման բան չկա նախատեսված, բայց եթե լինի, մեծ անակնկալ կլինի:
-Դուք հայկական եկեղեցում եք երգել մանկուց, ինչպե՞ս է, որ եկեղեցական երգչուհի չմնացիք, այլ որոշեցիք մեծ բեմեր գրավել:
-Կարող եմ հաստատել, որ մանկությունս անցավ ամեն կիրակի եկեղեցի հաճախելով: Հետագայում, երաժշտության նկատմամբ իմ սերը հագեցնելու համար Ֆերիկույղի «Սուրբ Վարդանանց» երգչախմբի մաս կազմեցի: Երկար տարիներ մասնակցեցի համերգների՝ լինելով նաև սոլիստ: Բայց ասեմ, որ միշտ էստրադային երգերի հանդեպ հատուկ սեր էի տածում: Ցանկանում էի իմ մեկնաբանությունը բերել այդ դաշտ, նաև իմ սերը դնեմ սրտիցս եկեղ երգերի մեջ: Տարիներ անց այդ ուժը զգացի և երազանքներիս ետևից գնալով՝ ալբոմ թողարկելու որոշում կահացրեցի:
-Ձեր անուն-ազգանունը ոմանց մոտ տարակուսանք է առաջացնում. Դա ՁԵզ անհանգստացնո՞ւմ է:
-Արդեն սովորել եմ… Հայերեն երգելով, սահուն հայերեն խոսելով հանդերձ երբեմն լսում եմ՝ դուք հա՞յ եք… Զարմանում եմ, ինչպե՞ս մեկը, ով հայ չէ, հայերեն երգացանկով ալբոմ կունենա և լավ հայերեն կխոսի:
-Իսկ որտեղի՞ց է գալիս Պեկթորոսողլու ազգանվան պատմությունը:
-Դա ոչ իմ, ոչ էլ ընտանիքիս մեղքով է… Տարիներ առաջ Թուրքիայում դուրս եկած օրենքով Թորոսյանից դարձել ենք Պեկթորոսօղլու: Բայց դրանից մեր կյանքում որևէ բան չի փոխվել: Եթե ազգանունս Թորոսյան լիներ, նորից նույն հայրենասեր Սիբիլը պետք է լինեի: Բայց հաստատ կարող եմ ասել, որ որպես երգչուհի կցանկանայի Սիբիլ Թորոսյան անունով ճանաչվել: Այդ ժամանակ միայն անունս չէի գործածի որպե բեմական անուն:
-Մեր նախորդ զրույցին, որը ապրիլի 24-ին ընդառաջ էր, ասացիք, որ այդտեղ՝ Թուրքիայում, որոշակի լարվածություն կա հայերի նկատմամբ: Այժմ մթնոլորտն ինչպիսի՞ն է:
-Մթնոլորտն անընդհատ փոփոխական է. մի օր լավ կզգանք, մի օր՝ վատ: Այս պահին, Փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է:
-Ինչպե՞ս է ընդունում թուրք հասարակությունը, թուրքական մշակույթը հայ երգչուհուն, այն էլ, երբ, կարելի է ասել, միայն հայերեն եք երգում:
-Երբ որոշեցի երգել, ալբոմ թողարկել նպտակս հայտնի դառնալը կամ մեծ գումարներ աշխատելը չէր: Ցանկությունս էր իմ մայրենի լեզուն՝ հայերենը, հնարավորությանս չափով հատկապես թուրքերի տան շեմից ներս մտցնել: Անկեղծությամբ և մեծ ուրախությամբ կարող եմ արձանագրել, որ դա ինձ հաջողվեց: Հարավիրվելով Թուրքիայի պետական հեռուստաընկերություն՝ հայերեն երգեր երգեցի: Շատ թուրք լսողներից գնահատող նամակներ ստացա: Մայրերն ասում են, որ իրենց զավակներին իմ երգած «Օրոր»-ով են քնեցնում՝ «Մեր զավակները քո ձայնով են ննջում»: Բայց դրա հետ մեկտեղ առաջարկում են, որ ես նաև թուրքերեն երգեմ. «Ուզում ենք քո ձայնով թրքերեն երգեր էլ լսել: Հայերեններդ շատ լավն են, բայց խնդրում ենք մեզ էլ ուրախացրու»:
-Փաստորեն, որպես այդտեղ ապրող հայ երգչուհի, չե՞ք զգում խտրականություն Ձեր նկատմամբ:
-Բախտս բերել է, որ ինձ միշտ լավ մարդիկ են հանդիպել, լսել իմ երգերը: Որևէ վատ, վիրավորական դեպք չի եղել իմ կյանքում:
-Գիտեմ, որ երգից զատ աշխատում եք նաև բանկում՝ որպես ֆինանսիստ: Հասցնո՞ւմ եք երկու տարբեր մասնագիտություններով զբաղվել՝ առանց թերանալու:
-Խոստովանեմ, որ երբեմն շատ եմ դժվարանում: Ամեն առավոտ, երբ հասնում եմ աշխատավայր, գրառում եմ, թե ինչ պեսք է անեմ այդ օրը և բանկում, և երաժշտական ասպարեզում: Տարիներ ի վեր չեմ կարողացել երկարատև արձակուրդ վերցնել: Աշխատավայրում իմ բոլոր հանգստյան շրջանները կպահեմ համերգներիս համար: Որքան էլ հոգնած լինեմ, ճամփորդությունից վերադառնալուն պես հենց նույն օրն էլ աշխատանքի եմ գնում: Թե մինչև երբ կարող եմ այսպես շարունակել՝ չգիտեմ: Երևի շուտով ամեն ինչ պարզ կլինի. Հուսով եմ, բախտս կբերի և ես միայն որպես երգչուհի կշարունակեմ:
-Թուրքիայում ֆինանսական լուրջ հարցերը վստահո՞ւմ են հայերին:
-Այդ բնագավառում աշխատող շատ հայ ծանոթներ ունեմ: Կապ չունի, թե ինչ ազգիցս ես, կարևորը կատարածդ աշխատանքի որակն է: Հատկապես մեծ հաստատություններում իրենք երբեք ինքնությանը, ազգությանը ուշադրություն չեն դարձնում: Կարևորում են մարդկային և մասնագիտական տեսակդ:
-Երևանում, կարծեք թե, հաճախ եք լինում: Այցելելիս հյուրանոցո՞ւմ եք մնում, թե՞ հարազատներ ունեք այստեղ:
-Ամեն անգամ, երբ այս կամ այն ծրագրով ինձ Հայաստան են հրավիրում, տվյալ մարդիկ հյուրանոցային համարով ապահովում են: Բայց այդտեղ շատ ընկերներ ունեմ, ովքեր ասում են. «Սիբիլ, արի մեր տանը մնա, մեր տունը նաև քո տունն է»: Այնպես որ, երբեք մենակ չեմ մնում: Շատ լավ բարեկամներ ձեռք բերեցի վերջին 4 տարիների ընթացքում:
-Գիտեմ, որ Շառլ Ազնավուրի մեծ երկրպագուն եք ու շատ եք ցանկանում իր հետ ծանոթանալ: Ի դեպ, օրեր առաջ Հայաստան է ժամանել, միգուցե դո՞ւք էլ Հայաստան այցելեք:
-Այո, լուրերով տեսա: Հավատացեք, սրտիս վրա ցավ զգացի, որ այդտեղ չեմ: Մտածեցի՝ երանի ես էլ ներկա լինեի այդ համերգին ու իր հետ ծանոթանայի: Ի՞նչ ասեմ, ս ճակատագրին շատ եմ հավատում: Եթե ճակատագրով սահմանված է, որ Շառլ Ազնավուրի հետ կծանոթանամ, անպայման նման առիթ կստեղծվի:
-Սիբիլ, Երևան այցելելիս կա՞ն վայրեր, որտեղ սիրում եք Ձեր հանգիստն անցկացնել:
-Ամեն անգամ այցելելիս Երևանն ավելի գեղեցկացած եմ տեսնում ու հպարտանում: Վերջին այցելությանս ժամանակ նկատեցի, որ մի շատ փոքրիկ, բայց անուշիկ սրճարան է բացվել: Շատ հավանեցի դա, բոլորն էլ շատ ճաշակով են սարքված: Դժբախտաբար, հանգստանալու ժամանակ չեմ ունենում, Երևանում գտնվելուս ամեն մի օրը վազքի մեջ է անցնում:
-Մի փոքր էլ անձնականից զրուցենք. մեր նախորդ զրույցի ժամանակ նշեցիք, որ Ձեր սիրտը զբաղված չէ. այժմ զգացմունքային նորություններ ունե՞ք:
-Ընդհնրապես, ես չեմ սիրում խոսել անձնական կյանքիս մասին: Բայց շատերն ինձ այդ հարցը կտան: Հասկանում եմ, որ մարդիկ ցանկանում են ինձ ամեն առումով երջանիկ տեսնել, ինչի համար շնորհակալ եմ իրենց: Երբ իմ կյանքում որևէ մեկը հայտնվի՝ կբացահայտեմ (ժպտում է):
-Ի՞նչ եք կարծում, երբևէ կկարողանա՞ք Ձեր կյանքը կապել թուրք երիտասարդի հետ: Ի դեպ, այդտեղ շա՞տ են լինում հայ-թուրքական ամուսնություններ, թե՞ արգելքներ կան:
-Թուրքիայում շատ է տարածված հայի և թուրքի ամուսնությունը: Իմ անձնական կյանքում միշտ նախընտրել եմ «պատ» քաշել, որպեսզի նման դեպք չպատահի: Թուրք մտերիմ ընկերներ ունեմ, բայց մեր հարաբերությունները միայն ու միայն ընկերական սահմաններում են…