12/10/2015 09:51
Մեկնարկում է «Հարթակ» փորձի փոխանակման առաջին փառատոնը
Հոկտեմբերի 16-ից 18-ը կանցկացվի «Հարթակ» փորձի փոխանակման առաջին փառատոնը: Իր տեսակի մեջ եզակի այս փառատոնը կանցկացվի շուրջ 60 վարպետության դասերի, սեմինարների և էքսպո-ցուցահանդեսների ձևաչափով չորս թեմատիկ բաժիններում.
• Առողջ ապրելակերպ,
• Արվեստ և արհեստ,
• Խոհարարություն,
• Նոու Հաու/ Տեխնոլոգիաներ:
Դասընթացների խոսնակները անհատներ և կազմակերպություններ են, որոնք պատրաստ են պատմել իրենց հաջողության բանաձևվի, փիլիսոփայության և անձնական ձեռքբերումների մասին:
Նախագիծը փորձարարական է և նպատակ ունի գործնական գիտելիքներ ձեռք բերելու հաճելի և անմիջական ձևաչափ ներդնել, հանրությանը ներկայացնել տարբեր շնորհալի անհատների, ինչպես նաև խթանել համագործակցությունը ստեղծարար համայնքում:
«Մեր նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ մասնակիցները հնարավորություն կստանան սովորելու, փորձելու, անձնական փորձով կիսվելու և ինքնաբացահայտվելու ոչ ֆորմալ կրթական միջավայրում: Փառատոնի անվանումն էլ հենց սրա տրամաբանական եզրահանգումն է», - ասում է փառատոնի համահիմնադիր Քրիստինա Հարությունովան:
Միջոցառման ծրագրին, դասընթացներին ու խոսնակներին կարելի է ծանոթանալ՝ այցելելով փառատոնի կայք (www.hartakyerevan.com): Ծրագրում կան ինչպես անվճար, այնպես էլ վճարովի դասընթացներ, որոնց տեղերը սահմանափակ են և անհրաժեշտ է նախապես գրանցվել:
«Հարթակ» փառատոնը ԷՕՆ հակասրճարան ակումբի «Փորձի փոխանակման ժամ» վարպետության դասերի, գործնական դասընթացների և քննարկումների շարքի տրամաբանական շարունակությունն է: