13/10/2015 19:56
Իվետա Մուկուչյանը կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ-2016»-ին
Հայտնի է «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան մասնակցի անունը:
Քիչ առաջ Հանրային հեռուստաընկերության «Մասնագիտությունը` լրագրող» ծրագրի շրջանակներում հայտնի դարձավ, որ եվրոպական ամենամասշտաբային երաժշտական շոուին Հայաստանը կներկայացնի Իվետա Մուկուչյանը:
«Եվրատեսիլի» այս տարվա պատվիրակի գլխավոր ցանկությունը եվրոպական բեմում հայկական ջերմությունը և եվրոպական շունչը համատեղ ներկայացնելն է: «Անչափ ուրախ եմ և շնորհակալ Հանրային հեռուստաընկերությանը, ում կողմից ընտրվել եմ ներկայացնելու իմ հայրենիքն այս տարի Եվրատեսիլին: Յուրաքանչյուրիդ ամեն խոսքն ու կարծիքը ինձ անչափ ոգևորում և ուժ է տալիս: Հուսով եմ կլինեք կողքիս այս պատասխանատու և կարևոր ճանապարհին»,- նշում է Իվետա Մուկուչյանը:
Զուգահեռաբար Հանրային հեռուստաընկերությունը հայտարարում է երգահանների մրցույթ և սպասում աշխարհի բոլոր ծայրերից յուրատիպ և հետաքրքիր աշխատանքների: Երգերն անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 13-ը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Մանրամասներին կարող եք ծանոթանալ Առաջին ալիքի պաշտոնական www.1tv.am և www. eurovision.am կայքերում:
Իվետա Մուկուչյանը ծնվել է 1986 թ-ին Հայաստանում: 5 տարեկանից նրա ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա, սակայն 20 տարի այնտեղ ապրելուց հետո, Իվետան որոշում է կայացրել վերադառնալ իր արմատներին՝ Հայաստան:
Նա սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Ուսման տարիներին էլ hասկացել, որ իր ինքնադրսևորման հիմնական միջոցը և կոչումը երաժշտությունը պետք է լինի: 2012 թ-ին մասնակցել է «Գերմանիայի ձայնը» նախագծին:
Քրտնաջան աշխատանքի արդյունքում այսօր Իվետան արդեն ճանաչված երգչուհի է, ինչպես նաև մի շարք երգերի հեղինակ, ով զուգահեռաբար գործունեություն է ծավալում Հայաստանում և Գերմանիայում: Իր իսկ բնութագրմամբ` «մտածում է գերմանացու նման, սիրում ՝ հայի»: