13/10/2015 19:18
Զրպարտության համար օրենսդրությունը մինչև 2 միլիոն դրամի փոխհատուցում է պահանջում. Ո՞րն է լինելու Ալինա Մարտիրոսյանի պահնջն իրեն զրպարտողներից
Երեկվանից դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը կրկին գլխավոր կերպարում է, սակայն այս անգամ ոչ թե սերիալային, այլև՝ համացանցային: Կայքերը միմյանց հերթ չտալով՝ տարածում են դերասանուհու և նրա երիտասարդ ընկերներից մեկի նկարները՝ մեկնաբանելով, թե վերջիններիս մեջ սիրային կապ կա: Այս ամենին ի արձագանք՝ դերասանուհին վրդովվել էր և զրպարտության ու սեփական տարածք ոտք դնելու մեղադրանքով դիմել փաստաբանի ծառայությանը: Aysor.am-ը թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց Ա. Մարտիրոսյանի հետ, սակայն նա ավելորդ անգամ պարզաբանում տալուց հրաժարվեց՝ առաջարկելով մեր բոլոր հարցերի լիարժեք պատասխանները ստանալ «Գալիկյան» փաստաբանական գրասենյակի տնօրեն Գարիկ Գալիկյանից:
«Դրանք բլոգերներ չեն, այլ մի քանի թափթփուկներ: Ես նման կատեգորիայի ոչնչություններին բլոգեր չեմ համարում: Մենք նորմալ, լավ բլոգերներ ունենք, ովքեր ինձ համար և լավ ընկերներ են, և լավ ծանոթներ: Եթե մարդիկ նորմալ են աշխատում, մենք իրենց կարող ենք ընդամենը խրախուսել և ողջունել»,-մեզ հետ զրույցում նշեց փաստաբանը:
Թե ի՞նչ քայլերի է պատրաստվում դիմել տուժող կողմը, Գ. Գալիկյանը պաասխանեց. «Առաջին հերթին մենք դիմում ենք այդ չկայացած կայքերին, որպեսզի իրենք հրապարակային ներողություն խնդրեն և հերքեն: Չհերքելու դեպքում մենք, բնականաբար, կսկսենք դատական գործընթաց՝ պահանջելով, նաև դատարանով կպահանջենք, որպեսզի իրենք հրապարակավ ներողություն խնդրեն Ալինա Մարտիրոսյանից և Կոստյայից»:
Մեր այն դիտարկմանը՝ արդյոք մեղադրանքը կհնչի անձնական կյանքը հանրայնացնելու տեսակետից, թե՞ զրպարտության, փաստաբանը վրդովված մանրամասնեց. «Այս պարագայում ասել՝ անձնական կյանքը դուրս բերել՝ հարաբերական է, քանի որ այն, ինչ գրել են, նրանց անձնական կյանքը չէ, իրականությանը չի համապատասխանում: Այլ բան է, որ այս ամեն ինչն իրականությանը համապատասխաներ և իրենք փորձեին անձնական կյանքը հանրայնացնել: Եթե երկու ընկեր միմյանց հետ նկարվում են, դա չի նշանակում, որ իրենց մեջ սիրավեպ կա: Ես էլ եմ 1000 մարդու հետ նկարվում, նշանակում է բոլորի հետ սիրավե՞պ ունեմ: Երեկ Ալինան նկար էր հրապարակել Նոնա Մարգարյանի հետ, լավ է կայքերը հիմա էլ չեն ասում, թե Ալինա Մարտիրոսյանը «լեսբի» է: Պատկերացրեք, ես Ալինային ասել եմ, որ այդ նկարը ջնջի, թե չէ վաղը, մյուս օրը սա է թեմա դառնալու: Չի կարելի այդպես: Նաև եկեք չմոռանանք, որ Կոնստանտինը երիտասարդ տղա է: Ո՞վ գիտի, գուցե այդ տղան ամուսնացած է, նշանված է, այս ամենի պատճառով ամուսնալուծվեն կամ նշանը հետ տան, ո՞վ է դրա տակից դուրս գալու: Մարդու ընտանիքը քանդելով կամ նրա դժբախտության վրա «Like» հավաքելով ո՞ւր պիտի հասնեն: Ի վերջո, եթե մեզանից պատիժ չստացան Աստծո պատիժն են ստանալու»:
Փաստաբանի հետ զրույցից ակնհայտ է դառնում, որ նրանք միտված չեն հարցերը լուծել հենց դատարանում, սակայն ամեն ինչ կախված է զրպարտողի պատասխան քայլից: «Եթե կայքը ներողություն խնդրի և գրի, որ սխալմունք է տեղի ունեցել, իրենց հրապարակածն իրականությանը չի համապատասխանում, պարզապես անգիտակցաբար կատարած հերյուրանք է եղել, ապա մենք արդեն կքննարկենք դատարան դիմելու գործընթացը և ամենայն հավանականության դատարան չենք դիմի: Այդպես է ասել նաև Ալինան… Հստակ ժամկետներ գոյություն ունեն. եթե մեկ ամսվա ընթացքում ներողություն են խնդրում և հերքում են իրենց գրածը, ապա դատարան դիմելն էլ է անիմաստ դառնում: Բայց նշեմ, թեև 1-ամսյա ժամկետ է, սակայն մենք այդքան չենք սպասի, երեկ անմիջապես սկսել ենք գործընթացը»,-տեղեկացրեց մեր զրուցակիցը:
Արդյոք նման զրպարտություն հրապարակող կայքերի ներկայացուցիչների հետ հանդիպում կամ երկխոսություն կայացել է՝ հարցին փաստաբանը պատասխանեց. «Այդ «կայքերից» շատ-շատերին չեմ էլ ուզում կայք համարել: Եվ հետո, ես իրավաբան եմ և չեմ փորձում ինչ-որ մեկի հետ ինչ-որ բան խոսել: Ես աշխատում եմ իրենց հետ օրենքով սահմանված կարգով: Խնդիրը նրանում է, որ մենք չենք կարողանում պարզել աղբյուրը: Ամբողջ ինֆորմացիան բլոգից է գնացել, սակայն նա ասում է, որ սկզբնաղբյուրն ինքը չի: Ասում են, ինչ-որ «սկանդալիստից» ենք վերցրել: Այսօր ով քնից արթնանում է, իր համար կայք է բացում ու իրեն համարում բլոգեր»:
Ոչ միայն որպես փաստաբան, այլ նաև որպես ընտանիքի բարեկամ Գարիկ Գալիկյանը զրուցել է Ալինա Մարտիրոսյանի և նկարներում հրապարակված երիտասարդի՝ Կոնստանտինի հետ: «Ճիշտ է, ես իրենց հետ ընկերական շփում չեմ ունեցել, բայց այո, այս դեպքից հետո շփվել եմ: Եվ Ալինան է ինձ դիմել, և Կոստյան է ինձ հետ զրուցել: Նրանք շատ ցավալի են ընդունում այս ամենը: Ի վերջո չի կարելի մեկ նկար նայելով՝ եզրկացություն անել, ինչ է թե մարդիկ ջերմ են նկարված: Սա չի նշանակում, թե նրանք սիրավեպ ունեն: Չեմ զլանա ևս մեկ անգամ ասելու. նույն Ալինան իր և ինստագրամի, և ֆեյսբուկի էջերում շատ մարդկանց հետ ջերմ նկարված շատ նկարներ ունի, դա նշանակում է բոլորի հետ սիրավե՞պ ունի: առանց մտածելու, թե իրենց անպատասխանատու քայլից հետո ինչ կարող է լինել՝ նման հերյուրանքներ են տարածում: Անընդունելի է: Երբ մեր օրենսդրությունը, պատկան մարմինները նմանատիպ 2-3 դեպքի համար խիստ պատիժ կիրառեն, այսպիսի իրականության առաջ չենք կանգնի».-հավաստիացրեց նա:
Վերջինս նաև վստահեցրեց, որ ի սկզբանե ճշտել է իսկությունը, որպեսզի պաշտպանական մարտավարությունը ճիշտ մշակի. «Ի սկզբանե ինձ մի հարց էր հետաքրքրում. այս ամենը, ինչ գրել են, իրականությանը համապատասխանում է՞, թե՞ ոչ: Պատասխանը հստակ էր՝ ոչ: Արդյունքում, եթե մենք տանք դատարան, պատասխանող կողմը՝ տվյալ կայքը պետք է ապացուցի, որ իր գրածը ճիշտ է, նրանց մեջ սիրավեպ կա: Ի տարբերություն շատ-շատ գործերի, վիրավորանքի, զրպարտության հետ կապված գործերում պատասխանող կողմն է ապացուցման բեռը կրում»:
Եթե, ամեն դեպքում, տվյալ կայքը կամ բլոգերը ներողություն չխնդրի և գործը հասնի դատարան, ապա որն է իրենց հստակ պահանջը լինելու՝ իրավաբանը պատասխանեց. «Պահանջելու ենք հրապարակային ներողություն խնդրել, հերքել և, բնականաբար, վնասը փոխհատուցել. զրպարտության համար օրենսդրությունը մինչև 2 միլիոն դրամի փոխհատուցում է պահանջում»: