13/10/2015 20:11
Արմեն Թադևոսյանի և Արման Գևորգյանի նոր շոուն՝ շուտով
Հայ հումորիստներից երկուսը որոշել են այսուհետ սեփական հումորային գաղափարները մեկտեղել և ակումբասեր հասարակությանը ներկայանալ միասին՝ համատեղ ծրագրով. «2 man show». այսպես է կոչվելու Արմենիա հեռուստաընկերության «Comments» հաղորդաշարի հեղինակ և Վարող Արմեն Թադևոսյանի և նախկին «32 ակումբցի» Արման Գևորգյանի նոր ինտելեկտուալ հումորային Stand-Up ներկայացումը, որի մեկնարկը կտրվի նոյեմբերի 15-ին ժամը 18:00-ին՝ JOSE ակումբում: Aysor.am-ը մանրամասների շուրջ զրուցել է հումորիստների հետ:
«Դեռ գարնան վերջ ծնվեց նման նախագիծ անելու մտահղացումը: Շատ կարճ ժամանակում նախապատրաստվեցինք և հուլիսի 5-ին ներկայացրեցինք «2 man show»-ի փակ ցուցադրումը։ Ինչու փակ, որովհետև մենք ուզում էինք տեսնել, թե ի՞նչ կստացվի, ո՞նց այս ամենը կստացվի։ Սա որոշակի առումով փորձարկում էր, ժամանակը ցույց տվեց՝ բավականին հաջող»,-նշեց Ա Թադևոսյանը:
Մեր այն հարցին, թե արդյոք սա նշանակում է, որ «Comments» հաղորդաշարը սպառել է իրեն և կփակվի, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այս նախագիծը բացարձակ կապ չունի «Comments»-ի հետ։ Սա ակումբային, և ոչ թե հեռուստատեսային նախագիծ է։ Իսկ ինչ կապված է հեռուստածրագրի սպառվելու հետ, ապա ուզում եմ նշել, որ այն դեռ ունի ասելիք: Դա են վկայում օրեցօր ավելացող մեր հեռուստադիտողները, նրանց անմիջական մասնակցությունը հաղորդմանը»։
Իսկ թե հնարավո՞ր է, որ այս երկյակը ընդարձակվի, թե՞ ոչ, Արմեն Թադևոսյանը ժպիտով եզրափակեց. «Չեմ կարող ասել՝ որքանով դա կստացվի։ Համենայնդեպս, եթե լսեք, որ հայտնվել է «10 man show», նշանակում է՝ ստացվել է»։
Aysor.am-ի հետ զրույցում Արման Գևորգյանը նույնպես նշեց, որ նախագիծը հասունացել, այնուհետև կյանքի է կոչվել իր և Արմեն Թադևոսյանի մտորումների արդյունքում. «Կարծում եմ, ոչ ոք ոչինչ հենց այնպես չի ստեղծում կամ արարում: Ամեն ոք, հատկապես ստեղծագործող անձ, նախ իր հոգու, մտքի և ճաշակի պոռթկումն է արտահայտում, հետո նոր հաշվի է նստում մնացած հանգամանքների հետ: Ցավոք սրտի, այսօր կյանքի և ժամանակների բերումով ստեղծագործողների մի որոշ մաս նախ հաշվի են առնում մնացած հանգամանքները, հետո նոր միտքն ու ճաշակը, ինչի արդյունքում տուժում է հանդիսատեսը: Մեր կողմից առաջարկվող նոր նախագծի ստեղծման «մնացած հանգամանքեր» բաժնում առաջին հերթին հաշվի ենք առել հայ հանդիսատեսի պահանջն ու ցանկությունը: Պահանջը՝ ձևաչափի և մատուցվող նյութի առումով: Հավատացեք, այսօր մեր հայ հանդիսատեսն ունի այս տեսակ ժամանցի կարիք: Ժողովուրդը եթեր դուրս գալու կամ խոսափողով բղավելու հնարավորություն չունի, որպեսզի բոլորին տեղեկացնի, որ ինքը ունի կենցաղից և հոգսերից կտրվելու և թեկուզ այդ մեկ ժամանոց հատվածը որակյալ ժամանցային ծրագրով լցնելու կարիք: Մարդիկ ստիպված մեր ոլորտի ներկայացուցիչներին դրսում տեսնելիս են արտահայտում իրենց ցանկություններն ու անգամ խնդրանքը: Կարծում եմ մենք՝ մեր ոլորտի ներկայացուցիչներս, պետք է մեզ պարտավորված զգանք՝ որակյալ ժամանց առաջարկել մեր կողմից շատ սիրված և մեզ՝ հանրայիններիս ռեալ գնահատող հայ ժողովրդին: Չէ՞ որ ամենաիրական վարկանիշը հենց իրենց խոսքն ու կարծիքն է»:
Իսկ թե որքանով է այս ձևաչափը տարածված հումորային դաշտում և որտեղից ծագեց իր և Արմեն Թադևոսյանի համագործակցությունը՝ Արման Գևորգյանը ժպիտով մեկնաբանեց. «Մինչ օրս մեր ընկերները ներկայացրել են «1 Man Show» ձևաչափը, բայց երկու հոգով առաջին անգամ մենք կփորձենք ներկայանալ… Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա մոտ 2 տարի առաջ ես ունեցա պրեմիերա և առաջին անգամ ներկայացա «Armani Musical Comedy» ծրագրով, որն իր տեսակով «1 Man Show» էր: Շոու ծրագրին ներկա էին իմ ընկերների մեծ մասը, այդ թվում նաև Արմեն Թադևոսյանը: Հետո պարզվեց, որ Արմենին էլ է շատ հոգեհարազատ այս ձևաչափը և մեր երկար մտորումների և տվայտանքների արդյունքում ծնվեց իմ և Արմենի հոգու, մտքի և ճաշակի պոռթկումը»:
Մեր զրուցակցի հավաստիացմամբ՝ շոուն բաղկացած կլինի բազմատեսակ և բազմաբովանդակ մասերից: Ամեն ինչ անելու են, որ յուրաքանչյուրն այստեղ գտնի իր մտքի, հոգու և ճաշակի պոռթկումը, իր նախընտրած տեսակի ժամանցը:
Արդյոք բեմում անընդհատ նույն երկու հոգուն տեսնելը ձանձրալի չի՞ դառնա՝ հարցին շոումենը պատասխանեց. «Իհարկե, մտածել ենք նաև այդ ուղղությամբ: Մենք ամեն բան նախօրոք կշռադատել և հաշվի ենք առել: Այդ իսկ պատճառով ոչ միայն պետք է չոր խոսք և տեքստ մատուցենք բեմահարթակից՝ հոգնեցնելով մեր հանդիսատեսին, այլ կլինենք բազմաժանր: Այսինքն, շոուն հագեցած է նաև երաժշտական առումով: Իհարկե, կան ևս մի քանի անակնկալային քայլեր, բայց փակագծերը չեմ բացի»: