13/10/2015 17:21
Մեկնարկում է Վերադարձի դասական երաժշտության 8-րդ փառատոնը
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ ներկայացնում է Վերադարձի դասական երաժշտության 8-րդ փառատոնը` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ Տարելիցին: Այս մասին տեղեկանում ենք փառատոնի մամուլի ծառայությունից:
Մեկամյա դադարից հետո երևանյան համերգասրահների դռները կրկին կբացվեն աշխարհասփյուռ տաղանդաշատ հայ երաժիշտների և նրանց օտարազգի գործընկերների առջև:
2007-ին հիմնադրված փառատոնը ամեն տարի աշնանային համերգաշրջանի ընթացքում իր հարկի տակ է մեկտեղում ուսման, աշխատանքի և ստեղծագործական կատարելագործման նպատակով Հայաստանից մեկնած և աշխարհի խոշորագույն երաժշտական կենտրոններում ապրող և ստեղծագործող մեր հայրենակիցներին, սփյուռքահայ տաղանդաշատ երաժիշտներին, ովքեր փառատոնի շնորհիվ հնարավորություն են ստանում պահպանել կապը Մայր Հայրենիքի հետ, հայ հանդիսատեսին ներկայանալ ստեղծագործական և կատարողական արվեստի իրենց վերջին ձեռքբերումներով:
Տարիների ընթացքում երևանյան բեմերում հանդես են եկել միջազգային համբավ ու ճանաչում ստացած այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Սերգեյ Խաչատրյանը (ջութակ, Գերմանիա), Սուրեն Բագրատունին (թավջութակ, ԱՄՆ), Վահան Մարտիրոսյանը (դաշնամուր, Ֆրանսիա), Վահագն Պապյանը (դաշնամուր, Իսրայել), Վարդան Մամիկոնյան (դաշնամուր, Ֆրանսիա), Լևոն Մուրադյանը (թավջութակ, Պորտուգալիա), Վարդուհի Խաչատրյանը (մեցցո-սոպրանո, Շվեյցարիա), Ջուլիետ Գալստյանը (մեցցո-սոպրանո, Շվեյցարիա) և այլք: