13/10/2015 20:33
Ալինա Մարտիրոսյանը պահանջ է դնում իրեն զրպարտող լրատվամիջոցների առջև
Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն իր Facebook-յան էջում անդրադարձել է իր անձնական կյանքին վերաբերող վերջին խոսակցություններին և իր ու 25-ամյա երիտասարդի սիրավեպի մասին բոլոր խոսակցություններն անվանել զրպարտություն: Դերասանուհու փաստաբանը որոշ պարզաբանումներ է ներկայացրել, և պահանջել որոշ լրատվամիջոցներից հերքում տպագրել: Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«ՊԱՀԱՆՋ՝ Անձի իրավունքները խախտող փաստացի անճշտությունները հերքելու մասին.
Պահանջն ուղղված է այն լրատվական կայքերին, որոնք 12.10.2015 թվականին իրենց կայքերում տեղադրել են «ԱԼԻՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՍԻՐԱՎԵՊ ՈՒՆԻ 25-ԱՄՅԱ ՏՂԱՅԻ ՀԵՏ» վերնագրով:
Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մի շարք միջազգային իրավական ակտեր պաշտպանում են մարդու պատիվն ու արժանապատվությունը, մասնավորապես, խոսքի ազատության իրավունքը սահմանափակելու միջոցով` նշելով, որ խոսքի ազատությունը բացառձակ չէ և կարող է սահմանափակվել մարդու պատվի և արժանապատվության պաշտպանության նպատակով:
Որպես անձի պատվի և արժանապատվության պաշտպանության սահմանադրական իրավունքի ապահովման երաշխիք` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից և զրպարտությունից` սույն օրենսգրքով և այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով»:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալներ հրապարակային ներկայացնելն է, որոնք չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը»:
Հաշվի առնելով, որ լրատվական կայքերում` մասնավորապես BlogNEWS.am և Replik.am կայքերում տեղադրված «ԱԼԻՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՍԻՐԱՎԵՊ ՈՒՆԻ 25-ԱՄՅԱ ՏՂԱՅԻ ՀԵՏ» իրականությանը չի համապատասխանում, հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի դրույթները, պահանջում ենք BlogNEWS.am և Replik.am կայքերում տպագրել հերքում հետևյալ բովանդակությամբ, որ /«ԱԼԻՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ ՍԻՐԱՎԵՊ ՈՒՆԻ 25-ԱՄՅԱ ՏՂԱՅԻ ՀԵՏ» վերնագրով նյութը իրականությանը չի համապատասխանում, ներողություն ենք խնդրում Ալինա Մարտիրոսյանից և Կոստանտինից իրենց վերաբերյալ անձը զրպարտող նյութ տեղադրելու համար/:
Նշված կայքերի կողմից հերքում չհրապարակելու դեպքում, ստիպված կլինենք դիմել դատարան, /պատվի, արժանապատվության և գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու, ներողություն խնդրելու և գումարի փոխհատուցման պահանջների մասին/:
ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Զրպարտության վերաբերյալ գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը»:
ՀԱՐԳԱՆՆԵՐՈՎ
ԱԼԻՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ԳԱՐԻԿ ԳԱԼԻԿՅԱՆ»: