14/10/2015 20:30
Ի՞նչ նպատակով է Հայաստանում Հարութ Բալյանը և ինչը ստիպեց նրան հուզվել մենահամերգի ժամանակ
Այս օրերին Երևանում է գտնվում ամերիկահայ երգիչ Հարութ Բալյանը: Aysor.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այցելության նպատակը հայաստանյան հանդիսատեսի համար պատրաստված անակնկալն էր:
«Բեմական գործունեությանս 15-ամյակի առիթով ԱՄՆ-ի DOLBY -ի կինոթատրոնում տեղի ունեցավ իմ մենահամերգը, որին ներկա էին սփյուռքում ապրող հայտնի, հարգարժան մեր հայրենակիցները: Ամիսներ տևած հետևողական աշխատանքի արդյունքում իմ բազմահազար հանդիսատեսին ներկայացել եմ խիստ բծախնդիր՝ ամենայն ուշադրություն դարձնելով ամեն մի մանրուքի՝ սկսած պարային համարներից մինչև լուսային էֆեկտներ: Համերգի սկզբում հնչեցրեցի հայոց ցեղասպանության հարցը, որից հետո կատարեցի նոր երգ, որը կոչվում է «Հայաստան»: Այդ մենահամերգի DVD տարբերակը թողարկվելուց հետո ցանկացա շնորհանդեսն անցկացնել Երևանում, այդ պատճառով էլ այժմ այստեղ եմ»,-նշեց երգիչը:
Ի դեպ, այցի շրջանակներում նախատեսված էին նաև գործնական հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվեցին գարնանը Երևանում կայանալիք մենահամերգի հետ կապված հարցեր: Իսկ մինչ այդ ամերիկյան հեղինակավոր ընկերություններից մեկի կողմից Հարութ Բալյանը նոյեմբերի 6-ին ունի մենահամերգի առաջարկ՝ ԱՄՆ-ում:
Նշենք, որ նախորդ մենահամերգի ժամանակ Գլենդելի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից անակնկալ կերպով բեմում նրան հանձնվեցին 5 պատվոգիր ու շնորհակալագրեր՝ ԱՄՆ-ում հայ երգարվեստում ունեցած ավանդի համար: «Ասեմ, որ մենահամերգի ժամանակ չնախատեսված ևս մի իրավիճակ ստեղծվեց. առաջին շարքերում իմ հարազատներն էին նստած: Ողբորս որդին՝ մեկ-ամյա Ալենը, ցանկացավ կողքիս լինել… Այնպես որ, հերթական երգս կատարեցի նրան գրկած: Շատ էի հուզվել նրա ցանկությունից, ջերմությունից»,-անկեղծացավ Հ. Բալյանը: