14/10/2015 18:01
Աղջիկը կոնյակի նման է՝ որքան մեծանում է, այնքան արժեքավոր է դառնում. Շուշան Երիցյանը՝ 23-ամյակի և նոր բիզնեսի մասին
Մոդել-դերասանուհի Շուշան Երիցյանը դարձավ 23 տարեկան: Aysor.am-ը, շնորհավորելով հոբելյարին, հետաքրքրվեց օրվա անակնկալների, սպասված հյուրերի ու երազանքների մասին: Լա Սկալա ակումբում ծնունդը նշելով ընկերների շրջապատում և վերադառնալով տուն՝ վերջինս հանդիպում է գեղեցիկ ընտանեկան անակնկալի:
«Գիշերը՝ ուղիղ 24:00-ին, ընկարեկան մրջավայրում եմ անցկացրել: Երբ վերադարձա տուն, տեսա, որ ծնողներս տան մուտքից մինչև իմ սենյակ գեղեցիկ զարդարել են ու նվերներ են պատրաստել»,-ոգևորությամբ մանրամասնեց նա:
Մեր զրուցակիցը ծիծաղելով նշեց, որ բարեմաղթանքները տարբեր են, թեև մեծամասամբ վերջում ավելացնում են. «Հետաքրքիր է, որ միշտ ասում են՝ այսպես ուժեղ ու հաջողակ լինես: Ընկերներս, իրոք, համոզված են, որ ամենահաջողակ աստղի տակ եմ ծնվել: Ի դեպ, շնորհավորական առաջին զանգս ստացել եմ բանակում գտնվող եղբորիցս»:
Ինչ վերաբերում է ծննդյան նվերներին, ապա դրանք բազմազան էին՝ ծաղկեփնջեր, ոսկյա զարդեր, զգեստներ, փուչիկներ ու սրտիկներ. «Բայց միևնույնն է, ամենաթանկն իմ ներքին երջանկությունն է, որը մարդկանց գնահատանքի, սիրո ու անկեղծության շնորհիվ է: Ի դեպ ասեմ, որ նպատակադրվել էի ծննդյանս օրն ինքս ինձ անակնկալ անել և ավտոմեքենա նվիրել, որն էլ մի փոքր ավելի շուտ ստացվեց»:
23-ամյա հոբելյարը երազանքներ շատ ունի, սակայն միշտ ու առաջինը ընտանեկան երջանկությունն է կարևորում. «Ինձ համար կյանքում ամենաշարժիչ ուժը ընտանիքս է: Ցանկություն պահելիս առաջին հերթին առողջություն, առանց միջադեպերի ներդաշնակ կյանք եմ ցանկանում»:
Վերջին շրջանում սկսել է առավել սիրել ծննդյան տոները: Դրա համար պատճառներ ունի: «Սկսեցի ավելի սիրել ծննդյանս օրերը, քանի որ հասկացա՝ աղջիկը կոնյակի նման է՝ որքան մեծանում է, այնքան ավելի արժեքավոր ու լավն է դառնում»,-անկեղծացավ նա:
Մոդել-դերասանուհուց հետաքրքրվեցինք նաև ստեղծագործական նորությունների մասին. «Այժմ այդ առումով ինձ մոտ դադար է: Վերջերս կայացավ «Բախտաբեր» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, մինչև երկրորդ եթերաշրջանի նկարահանումները ժամանակ կունենամ թե հանգստանալու, թե սեփական գործ սկսելու մասին մտածելու»:
Ի դեպ, Շուշան Երիցյանը մտածում է կանացի հագուստի բրենդային խանութ բացելու մասին և խոստացավ մանրամասները մեզ հայտնել փոքր ինչ ուշ: