16/10/2015 19:10
Ավելի ռիթմիկ կլինի, նույնիսկ կարելի է պար բեմադրել. Վահագ Ռուշը նորովի կներկայացնի «Կարմիր ծաղիկ մը գարունի» երգը
Միսաք Մեծարենցի խոսքերով և Ռոբերտ Ամիրխանյանի երաժշտությամբ «Կարմիր ծաղիկ մը գարունի» ստեղծագործությունը անտարբեր չի թողել գրեթե ոչ-ոքի: Երգիչ Վահագն Ռուշանյանը, ով հանրության լայն շրջանակներին ծանոթ է որպես Վահագ Ռուշ, շուտով ունկնդիրներին կներկայացնի Մեծարենցի ստեղծագործության նորովի տարբերակը, որը շատ նրբություններով կտարբերվի ամիրխանյանականից.
«Երգը կներկայացվի լրիվ այլ ոճում և երաժշտությամբ: Այսպես ասած՝ Մեծարենցի բառերով կներկայացվի լրիվ նոր երգ: Նաև, Ռոբերտ Ամիրխանյանի տարբերակի մեջ բառերը կիսատ են, կամ մի քիչ փոփոխված, այստեղ բանաստեղծությունը ամբողջությամբ է օգտագործված: Նաև ասեմ, որ ոճը մի քիչ տարբեր կլինի իմ մնացած երգերի ոճից: Ավելի ռիթմիկ կլինի, նույնիսկ կարելի է պար բեմադրել երգի տակ»,- Aysor.am-ի հետ զրույցում նշեց երգիչը:
Երգի պրեմիերան կկայանա մինչև նոյեմբերի 20-ը: Երաժշտությունը գրել է հայրը՝ Աշոտ Ռուշանյանը, բայց ոչ թե հիմա, այլ երկար տարիներ առաջ: «Նա դեռ առաջին տարբեակը չէր լսել: Նույնիսկ չգիտեմ, որ մեկն է ավելի շուտ գրվել: Համոզված եմ, որ այս տարբերակը նույնպես կսիրվի, դեռ մի փոքրիկ հատված եմ ներկայացրել, իսկ ունկնդիրներն արդեն սիրում և սպասում են երգի պրեմիերային»,-ժպիտով վստահեցրեց մեր զրուցակիցը:
Իսկ թե ինչո՞ւ այսքան տարիներ հետո որոշեց դրժել որոշումն ու ներկայանալ նոր տարբերակով՝ երգիչն անկեղծացավ. «Որոշել էի ընհանրապես չներկայացնել այս երգը, քանի որ բոլորը սովոր են այն տարբարակին: Գիտակցում էի, որ բավական ռիսկային քայլ է և կարող է քննադատությունների առիթ հանդիսանալ: Սակայն երբ վերջերս հայրս երգեց, զգացի, որ այս երգը ափսոս է, որ կորչի և սկսեցի մշակել»:
Գործիքավորումը վստահվել է Գիսանե Պալյանին և Կարեն Արզումանյանին: Մեր զրուցակիցը նշեց, որ այն գրեթե պատրաստ է, մնացել է 2-3 օրվա աշխատանք: Ի դեպ, երգի գործիքավորման մեջ գերակշռող մասը կլինի կլասիկ կիթառը:
Մեր այն հարցին, թե արդյոք արդեն իսկ չի մտածում տեսահոլովակ նկարահանելու մասին՝ պատասխանեց. «Այժմ պատրստվում ենք տեսահոլովակ նկարահանել «Ես կգամ» երգի համար: Իսկ այս երգի համար նկարահանելը ժամանակը ցույց կտա: Եթե լավ ընդունվեց, այն միանշանակ տեսահոլովակ կունենա»: