16/10/2015 10:55
Ս.Կարապետյան. Իմ միջոցների հաշվին՝ ՀՀ կառավարության հետ, կփոխհատուցեմ բարձրացված սակագնի տարբերությունը բնակչության և փոքր բիզնեսի համար
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ձեռքբերման կապակցությամբ ասել է, որ ընկերությունը ներդնելու է հակաճգնաժամային ծրագիր, կրճատելու է ծախսերը, որի արդյունքում հետագայում հնարավոր կլինի խուսափել «ՀԷՑ»-ի մասով էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից:
Սամվել Կարապետյանը, մասնավորապես, ասել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ինչպես արդեն հայտարարել ենք, 2015 թ. սեպտեմբերի 30-ին «Տաշիր» ընկերությունների Խումբը և «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը պայմանագիր են ստորագրել՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի վերաբերյալ։
Կողմերի պայմանավորվածության համաձայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն («ՀԷՑ») շարունակելու է ամբողջ ծավալով կատարել իր կողմից նախկինում ստանձնած պարտավորությունները: «Տաշիր» ընկերությունների Խումբը նաև ամբողջությամբ իր վրա է վերցրել «ՀԷՑ»-ի կառավարման պարտականությունը: Ընկերության կառավարումը կլինի պարզ, հանրության համար հասկանալի ու թափանցիկ՝ հիմնված կորպորատիվ պատասխանատվության կարևորագույն բաղկացուցչի վրա:
«ՀԷՑ» զարգացման գերակա նպատակներից է հակաճգնաժամային ծրագրի ներդրումը, ընկերության ֆինանսական գործունեության օպտիմալացումը, սպասարկման որակի բարձրացումը և «ՀԷՑ»-ի ֆինանսա-տնտեսական վերահսկողության ապահովումը՝ այդ թվում նաև համապատասխան նորագույն տեխնոլոգիաների ներդրման միջոցով։
Նախևառաջ, նախատեսում ենք արդյունավետ ներդրումների միջոցով բաշխիչ ցանցերի ենթակառուցվածքի արդիականացում: Համընդհանուր անզիջում պայքար ենք մղելու արատավոր երևույթների, կոռումպացված աշխատողների և անբարեխիղճ սպառողների դեմ և ներքին ռեսուրսների կենտրոնացմամբ, այդ թվում նաև՝ էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմամբ կրճատելու ենք Ընկերության ծախսերը, որի արդյունքում հետագայում հնարավոր կլինի խուսափել «ՀԷՑ»-ի մասով էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից:
3 միլիոն բնակչության շահը մեզ համար, անկասկած, առաջնային է և չի կարող համեմատվել որոշ կոռումպացված աշխատակիցների ու անբարեխիղճ սպառողների շահի հետ:
Հայաստանի Հանրապետության բնակչությանն աջակցելու նպատակով որոշում եմ ընդունել իմ անձնական միջոցների հաշվին՝ ՀՀ կառավարության հետ հավասարության սկզբունքով փոխհատուցել 2015թ. օգոստոսի 1-ից բարձրացված սակագների տարբերությունը՝ բնակչության և փոքր բիզնեսի համար:
Պատրաստ ենք նոր մոտեցումների, նոր որակի աշխատանքի և անկեղծ, կառուցողական գործընկերային փոխհարաբերությունների հաստատմանը:
Շնորհակալություն ակնկալվող սերտ համագործակցության համար»։