20/10/2015 16:56
Շարունակելու եմ ուրախացնել իմ երկրպագուներին, որոնց չեմ պատրաստվում հիասթափեցնել. Պյլուշչենկոն Երևանում է
Նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Սառուցի արքաները» աննախադեպ շոու-ծրագիրը, որի ընթացքում հանդիսատեսը կհետևի սառցե ակրոբատների խելահեղ և ապշեցուցիչ ցատկերին, սառցե բեմի վերևում կատարվող ֆանտաստիկ թռիչքներին, ձեռնածուի տպավորիչ հնարքներին և սառույցի վրա իսկական կրակի հետ տեղի ունեցող պայքարին:
Համերգի կազմակերպիչները խոստանում են անմոռանալի երեկո: ««Սառույցի արքաները» շլացուցիչ շոուն անմոռանալի տպավորություններ կթողնի գեղասահքի սիրահարների շրջանում: Շոու-ծրագրին մասնակցում են Իրինա Սլուցկայան, Թոմաշ Վերները, Ջեյսոն Գրատցը և ուրիշներ: Նրանց մասին գուցե ՀՀ-ում շատ քչերը գիտեն, բայց աշխարհում այս մարզիկները շատ հայտնի են»,- այսօր հրավիրված մամլո ասուլիսում ասաց ներկայացման պրոդյուսեր Արի Զաքարյանը:
Այդ իսկ կապակցությամբ երեկ Երևան է ժամանել նաև կրկնակի օլիմպիական չեմպիոն, գեղասահքի արքա Եվգենի Պլյուշչենկոն, ով խոսեց ոչ միայն ներկայացումից, այլև՝ Հայաստանում գեղասահքի հնարավոր հեռանկարներից:
«Անհրաժեշտ է հիմնել մարզական կենտրոններ, որի համար անհրաժեշտ չեն մեծ տարածություններ: Ուզում եմ պետական գործիչներին, կառավարությանն ու բարերարներին հորդորել օգնել նրանց, որպեսզի նրանք ևս հանդես գան միջազգային հարթակներում»,- ասաց Ե. Պլյուշչենկոն:
Նրա խոսքով՝ Հայաստանում սիրում են գեղասահքը, բայց, ցավոք, այստեղ գեղասահք չկա: «Ձմեռային սպորտաձևերը զարգացնելու համար անհրաժեշտ է ներդրումներ կատարել, այլապես երեխաները չեն կարող մարզվել այս սպորտաձևով: Դա ոչ միայն թույլ կտա Հայաստանում զարգացնել գեղասահքը, այլև՝ հոկեյը: Ինձ թվում է, որ այս ուղղությամբ պետք է կառավարությունն ինչ-որ քայլեր ձեռնարկի: Այստեղ պետք չեն հսկայական ներդրումներ, պարզապես պետք է ցանկություն ունենալ, որպեսզի հիմնվեն մարզական կենտրոններ, որտեղ երեխաները մարզվելու հնարավորություն կունենան: Հայաստանը պետք է ներկայացնել միջազգային հարթակներում, սակայն մարզիկներն այսօր չունեն անգամ մարզվելու հնարավորություն: Այստեղ շատ կան լավ և տաղանդավոր մարզիկներ, ովքեր սիրում են այս սպորտաձևը: Միայն ֆուտբոլ կամ շախմատ չէ, որ պետք է խաղալ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ներկայացմանն, ապա Ե. Պլյուշչենկոյի խոսքով՝ արդեն երկու ցուցադրական ելույթ է եղել, որոնք հավանաբար դուր են եկել հանդիսատեսին: «Ես շատ եմ դադար վերցրել՝ նորից հետ վերադառնալու նպատակով: Այս ընթացքում ես սպորտով չեմ զբաղվում, բայց ես ծրագրել եմ համաշխարհային շրջագայություն, որի շրջանակներում որոշել եմ ներկայանալ նաև հայ հանդիսատեսին: Նոյեմբերի 20-ին ես այստեղ հանդես կգամ բոլորովին նոր ծրագրով: Հուսով եմ, որ այս ներկայացումը կլինի շատ հետաքրքիր և դուր կգա հայ հանդիսատեսին»,- նշեց սպորտսմենը:
Անդրադառնալով իր շուրջ պտտվող շշուկներին՝ Ե. Պլյուշչենկոն դրանք բամբասանքներ որակեց, ընդգծելով, որ իր հետ ամեն ինչ կարգին է: Նա վստահեցրեց, որ ինքն այս ընթացքում ոչ վիրահատվել է և ոչ էլ պատրաստվում է վիրահատվել: «Ամեն օր ես մարզվում եմ և շարունակելու եմ մարզվել: Ասեմ ավելին՝ բավականին լուրջ և ծավալուն աշխատանքներ եմ տանում, որպեսզի մեծ ծրագրով հանդես գամ նաև Մոսկվայի Մեծ թատրոնում: Ես շարունակում եմ աշխատել իմ հին, բարի ու լավ ընկերների ու խորեոգրաֆների հետ: Մի քիչ խառը գրաֆիկով եմ աշխատում, բայց իմ մարզավիճակը շատ լավ է: Ես առողջական խնդիրներ չունեմ»,- մանրամասնեց նա:
Պլյուշչենկոն տեղեկացրեց, որ ինքն այս ընթացքում մտադիր է լինել ԱՄՆ-ում, Շվեյցարիայում, ծավալուն ծրագրով հանդես կգա նաև ՌԴ մի շարք քաղաքներում: «Ես շարունակելու եմ ուրախացնել իմ երկրպագուներին, որոնց չեմ պատրաստվում հիասթափեցնել»,- ասաց նա: